Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը

Թուրքական պետական «BOTAŞ» ընկերության կողմից կառուցված Իգդիր-Նախիջևան գազամուղի շնորհիվ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գազի պահանջարկն այժմ ամբողջությամբ ապահովվում է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ակնկալվում է, որ 2025-ի մարտին պաշտոնապես գործարկված գազատարն առաջիկա 30 տարում ևս ամբողջությամբ և անխափան կերպով կբավարարի Նախիջևանի էներգետիկ պահանջները:

Ընդհանուր առմամբ 80կմ երկարությամբ գազատարն ունի օրական մինչև 2 մլն, իսկ տարեկան՝ շուրջ 500 մլն խմ թողունակություն։ Այս ծավալները լիովին բավարարում են Նախիջևանի մոտ կես միլիոն բնակչության կարիքները։

Ադրբեջանական բնական գազը« TANAP» (Տրանսանատոլիական) և «Արևելյան Անատոլիայի գազատարի» միջոցով նախ հասնում է Թուրքիայի Իգդիր նահանգ, ապա այնտեղից էլ նոր խողովակաշարով տեղափոխվում է Նախիջևան։

Նշենք, որ Իգդիր-Նախիջևան խողովակաշարի գործարկմամբ Նախիջևանն ամբողջությամբ դուրս է եկել Իրանից ունեցած էներգետիկ կախվածությունից։ 2005-2025 թթ-ին տարածաշրջանի գազամատակարարումն իրականացվում էր Ադրբեջանի և Իրանի միջև կնքված գազի փոխանակման պայմանագրով։ Ըստ այդմ՝ Բաքուն գազ էր մատակարարում Իրանի Աստարա քաղաք, իսկ Թեհրանը սեփական տարածքով (Ջուլֆայով) համապատասխան քանակությամբ գազ էր հասցնում Նախիջևան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *