Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Երևան այցով եվրոպական կառույցները, ըստ էության, խրախուսում են ավտորիտարիզմը և լեգիտիմացնում գործող հայկական իշխանության ընդդիմախոսների հետապնդումը։ Այս մասին հուլիսի 2-ին Կառավարության շենքի մոտ «Հայաքվե» և «Մայր Հայաստան» շարժումների համատեղ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը։
Նա եվրոպացի պաշտոնյաների քաղաքականությունն ուղիղ կերպով կապել է երկրի ներսում կոշտ ներքին բռնաճնշումների համար տրված քարտ-բլանշի հետ՝ դիմելով եվրոպացի հյուրին։ «Տիկին ֆոն դեր Լայեն, մինչ այստեղ գալը դուք եղել եք Բաքվում և ձեռք եք սեղմել մի մարդու, որի ձեռքերը արյունոտ են, որի մեղքով հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են տանիքից և վտարվել իրենց հազարամյա բնօրրանից։ Իսկ այսօր ձեր այցով և դիվանագիտական ժեստերով դուք խրախուսում եք ավտորիտարիզմն արդեն Հայաստանում։ Դուք խրախուսում եք, որ մարդկանց ձերբակալեն խոսքի ազատության և իրենց գործունեության համար։ Ազատ խոսքը հանցագործություն չէ՛», – ասել է Սողոմոնյանը։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ հենց Արևմուտքի կողմից նման արտաքին հավանության պատճառով է, որ Հայաստանի իրավապահ համակարգը դադարել է կատարել իր անմիջական պարտականությունները՝ ամբողջությամբ կենտրոնանալով ընդդիմության ճնշման վրա։
Սողոմոնյանը նաև կոչ է արել բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել՝ նշելով, որ քաղբանտարկյալների պաշտպանության հարցում չպետք է բաժանում լինի։ «Ես կոչ եմ անում ողջ ընդդիմությանը միավորվել։ Քաղբանտարկյալների հարցում չի կարող լինել բաժանում «մերոնց» և «օտարների» միջև։ Սա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար ընդհանուր պայքար է», – նշել է նա։
«Մենք ուզում ենք մեր ձայնը հասցնել ձեզ, որպեսզի դուք իմանաք՝ նաև ձեր հավանությամբ է, որ Հայաստանի իրավապահ համակարգն այսօր չի զբաղվում հանցավորությամբ։ Երկրում աճում է սպանությունների և հանցագործությունների թիվը, որովհետև ուժայինները գերծանրաբեռնված են իշխանության ընդդիմախոսների դեմ գործեր սարքելով։ Բոլոր նրանք, ովքեր խոսում են ազատության, սահմանադրական իրավունքների մասին, պաշտպանում են օրինական կարգը, այսօր նստած են բանտերում։ Եվ այս բռնաճնշումները վերաբերում են ինչպես նախկին, այնպես էլ նոր քաղաքական ուժերին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», – եզրափակել է Մենուա Սողոմոնյանը՝ դիմելով Եվրահանձնաժողովի նախագահին։