Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն Oragir.News-ի խնդրանքով՝ անդրադարձել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնցով նախատեսվում է արգելել հեռուստատեսությամբ և ռադիոյով պատերազմի քարոզչությունը։
Նրա գնահատմամբ՝ ընդունված փոփոխությունները կարող են լուրջ վտանգներ պարունակել և կիրառվել որպես ճնշման գործիք։
«Ես նախ և առաջ նշեմ, որ այդ փոփոխություններն արգելքներ են իրենցից ներկայացնում։ Դա միշտ նշանակում է, որ իշխանությունները կիրառում են ավելի կոշտ չափանիշներ։ Եվ այն, որ այս ամենը տեղի է ունենում ընտրություններից ուղղակի մի քանի ամիս առաջ, նշանակում է, որ սա մարդկանց նկատմամբ ռեպրեսիաների շարունակություն է»,- ասաց Ալավերդյանը։
Ալավերդյանը նաև բարձրացրեց օրենքի կիրառման սուբյեկտիվության հարցը։
«Շատ կարևոր հարց կա՝ ո՞վ է որոշելու, թե ինչն է որակվելու պատերազմի քարոզչություն։ Ո՞վ է որոշելու՝ որն է քարոզչություն, որն՝ ոչ, եթե այդ որոշումները կայացնող մարմինները կախված են իշխանությունից։ Մենք արդեն գիտենք, որ նույնիսկ այն մարմինները, որոնք համարվում են անկախ, հլու-հնազանդ կատարում են գործող իշխանության հրահանգները»,- ընդգծեց նա։
Նրա կարծիքով՝ փոփոխությունները կարող են նաև արտաքին քաղաքական համատեքստ ունենալ։
«Սա կարող է կապված լինել արտաքին կենտրոնների ազդեցության հետ։ Օրինակ՝ Եվրամիության կողմից տրված խորհուրդների շրջանակում, որտեղ խոսվում է «հիբրիդային պատերազմի» կանխման մասին»,- ասաց Ալավերդյանը։
Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ օրենքը չի կիրառվելու հավասարաչափ։
«Ես ուրախ կլինեի, եթե օբյեկտիվ գնահատականներ հնչեին, բայց մենք գիտենք, որ դա ուղղվելու է այն կողմերի դեմ, որոնք համաձայն չեն գործող վարչակազմի քաղաքականության հետ»,- ասաց նա։
Ալավերդյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններին՝ դրանք դիտարկելով որպես պատերազմի անուղղակի քարոզչություն։
«Եթե լիներ օբյեկտիվ մոտեցում, առաջին հերթին պետք է գնահատական տրվեր հենց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որտեղ հնչում է միտքը, որ «եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի»։ Սա կարելի է դիտարկել որպես անուղղակի պատերազմի քարոզչություն, որովհետև դա սպառնալիք է քաղաքացիներին»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 16-ին օրենսդրական փոփոխություններ է ընդունել, որոնցով նախատեսվում է արգելել հեռուստատեսությամբ և ռադիոյով պատերազմի քարոզչությունը։ Կառավարությունը նաև հավանություն է տվել փոփոխություններին, ըստ որոնց՝ օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարող է սահմանափակվել օրենքով։