Հայաստանում վարորդական իրավունքից զրկված շուրջ 18,000 քաղաքացի հնարավորություն կունենա վերականգնել վկայականը։ ՆԳՆ-ում կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվել են վարորդական վկայականի տրամադրման կարգի նոր փոփոխությունները։
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի փոխանցմամբ՝ վարորդական իրավունքից զրկման ժամկետը լրանալուց հետո, 1 տարի անց քաղաքացիները կարող են դիմել, կատարել համապատասխան վճարումը և վերականգնել իրենց վկայականը։
Սակայն, նոր կարգավորումների համաձայն, վերականգնումից հետո վարորդներին սովորական 9 միավորի փոխարեն կտրվի ընդամենը 6 տուգանային միավոր։
«Եթե կան մարդիկ, ովքեր պոտենցիալ կրկնելու են այն արարքը, որի համար զրկվել են, վստահեցնում եմ, որ իրենց համար 6 տուգանային միավորը 2 օրում սպառելու հարց է լինելու»,- նշել է Չիլինգարյանը՝ հավելելով, որ սա հնարավորություն է այն վարորդների համար, ովքեր պատահականության կամ եզակի խախտման պատճառով են զրկվել իրավունքից և պատրաստ են փոխել իրենց վարքագիծը։
Այն վարորդները, որոնք ճիշտ կօգտագործեն պետության ընձեռած այս հնարավորությունը և ցույց կտան պատշաճ վարքագիծ, հետագայում արդեն կստանան իրենց հասանելիք ամբողջական 9 միավորը (իսկ հաջորդ տարի՝ ևս 4-ը՝ ընդհանուր հասցնելով 13-ի)։ Իսկ օրինախախտները, ըստ ՆԳՆ ներկայացուցչի, այդ 6 միավորը շատ արագ կսպառեն և կրկին կզրկվեն մեքենա վարելու իրավունքից։
ՆԳՆ հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ Հայաստանում վարորդական իրավունքից զրկված է 18,000 անձ, և այս նոր նախաձեռնությունը տարածվում է նրանց բոլորի վրա։