«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով։
Դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարեց՝ Կարապետյանը հրապարակային ելույթ ունենալու արգելք չունի։ Բայց արգելվում է շփում ունենալ և հյուրընկալել մի շարք անձանց (անուն-ազգանունները նշեց դատավորը)։
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը տևեց ավելի քան հինգ ժամ։
Դատարանում Կարապետյանը հայտարարեց` իրավական բոլոր գործողությունները ուղղված են իր և իր թիմի անդամների դեմ։
«Նրանք ուզում են փորձել կանգնեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը։ Ես վստահեցնում եմ՝ դա նրանց չի հաջողվելու, փոփոխություններ լինելու են։ Շատ շուտով կտեսնեք»,- ասաց Կարապետյանը։
Նրա փաստաբաններից Արամ Վարդևանյանն ասաց, որ տնային կալանք խափանման միջոցը պետք է վերացվի, այն երկարաձգելու որևէ տրամաբանություն չկա։ Նշեց նաև, որ պատրաստ են ավելացնել գրավի չափը` տնային կալանքը վերացնելու համար։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի կալանքը փոխվել էր 4 միլիարդ դրամ գրավի դիմաց։
Մինչ փաստաբանները խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել ապրիլի 15-ին, դատախազն էլ իր հերթին միջնորդություն էր ներկայացրել 3 ամսով երկարաձգելու Սամվել Կարապետյանի տնային կալանքը։
Դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը, ինչը, ըստ Սամվել Կարապետյանի, սպասելի էր։
«Այս իշխանությունից ուրիշ որոշում անհնար էր սպասել, ինչ սպասում էինք, այն էլ եղավ», – դատարանից դուրս գալուց հետո՝ ճեպազրույցի ընթացքում ասաց Սամվել Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդն իր գլխավորած ուժի շանսերը խորհրդարանական առաջիկա ընտրություններին «100 տոկոս» գնահատեց։
Դատական նիստին զուգահեռ՝ Հակակոռոպցիոն դատարանի հարակից հատվածում ակցիա էին իրականացնում Սամվել Կարապետյանի համախոհները։ Նրանք պահանջում էին ազատ արձակել միլիարդատեր բարերարին։
Ակցիայի ընթացքում վիճակը լարվեց, ոստիկաններն ու ակցիա իրականացնողները քաշքել էին իրար։ Բերման է ենթարկվել 17 անձ։