ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ու հանրակրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ մեկնարկած հուլիսյան խորհրդակցությունները, որտեղ քննարկվել են դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող հարցերը, ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետարանների կրթության ոլորտի պատասխանատուները։
Հիշեցնենք, որ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։ Այս փոփոխության նպատակը հանրակրթական դպրոցներում բարեփոխման մեծածավալ ծրագրերի սահուն ընթացքի և միասնական մոտեցման ապահովումն է։
«Բարեփոխման ծրագրերն առնչվում են հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերի և դպրոցի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Կարևորելով բոլոր դպրոցներում միասնական մոտեցում ունենալու հանգամանքը՝ որոշվել է դպրոցների բովանդակային կառավարումն ամբողջությամբ փոխանցել ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական կառավարումը՝ շենք-շինությունների պահպանությունը, դրանց բարեկարգմանն ուղղված աշխատանքների համակարգումը, անվտանգությունը, մաքրությունը վերապահել մարզպետարաններին։ Շարունակելու ենք նույն կերպ համագործակցված աշխատել՝ հետամուտ լինելով միասնական ընդհանուր նպատակին՝ կրթության որակի բարձրացմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ որոշակի աշխատանքներ են ակնկալվում նաև համայնքներից։
Նրա խոսքով՝ աստիճանաբար համայնքները պետք է առավելագույն մասնակցություն ունենան դպրոցներում տեղի ունեցող գործընթացներում՝ մասնակցելով նաև կառավարման հարցերին: