Կենտրոնական բանկի “ստոպ” գործիքը՝ պաշտպանություն կեղծ ֆինանսական գործարքներից. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի փետրվարի 24-ի թիվ 43-Ն որոշումը՝ «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/09-ը հաստատելու մասին։ Վերոնշյալ որոշումից տեղեկանում ենք, որ կազմակերպության ներքին ընթացակարգերով ներդրվում և ապահովվում է «ստոպ» գործիքների հասանելիությունը՝ հեռավար եղանակով մատուցվող առանձին ծառայությունը արգելափակելու  («ստոպ ծառայություն» գործիք) և հեռավար եղանակով մատուցվող բոլոր ծառայությունները միաժամանակ արգելափակելու համար («ստոպ բոլոր ծառայությունները» գործիք)։ «Ստոպ» գործիքները կիրառելի են առնվազն հետևյալ ծառայությունների նկատմամբ․

  1. դրամական փոխանցումներ և վճարումներ,
  2. քարտային գործառնություններ,
  3. վարկային գործառնություններ,
  4. ավանդներ,
  5. այլ։

«Ստոպ» գործիքները, սույն կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված ծառայություններից բացի, կիրառելի են նաև հեռավար եղանակով մատուցվող այն ծառայությունների նկատմամբ, որոնք կարող են սպառողի համար պարունակել ֆինանսական և տվյալների արտահոսքի ռիսկեր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ ծառայությունների համար կազմակերպությունների կողմից իրենց գործունեության վայրերում մատուցվող ծառայությունների համեմատ նախատեսված չեն անվտանգության և նույնականացման համարժեք կանոններ։


IDBank–ի ջանքերով հին Մոսկովյանը կբարեկարգվի նոր շնչով. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այս որոշմամբ փորձ է արվում սահմանափակել այնպիսի իրավիճակները, երբ, օրինակ, մարդկանց անունով ձևակերպվում են կեղծ վարկեր։ Նոր կարգավորմամբ՝ սպառողի տեսանկյունից նման կասկածելի գործարքները կարող են կանգնեցվել «ստոպ» գործիքի կիրառմամբ։

Գործիքի արդյունավետությունը, սակայն, կախված է սպառողների տեղեկացվածության մակարդակից և գործնական կիրառման հմտություններից։

Վերոնշյալ օրենքի անհրաժեշտությունն ավելի հստակ պատկերացնելու համար կարևոր է ուսումնասիրել էլեկտրոնային փողով իրականացված գործառնությունների ծավալների կառուցվածքը 2026թ․ առաջին եռամսյակի դրությամբ․

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2026թ․ առաջին եռամսյակում, 2025թ․ նույն եռամսյակի համեմատ, ՀՀ-ում էլեկտրոնային փողով իրականացված գործառնությունների ծավալներն աճել են 9%-ով՝ կազմելով ֏49․8 մլրդ։ Վերջինիս մոտ 29․8%-ը բաժին է ընկնում վարկերի մարմանը, որոնց ծավալները 2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22%-ով։

Երկրորդ տեղում է հաշվառման հաշվից փոխանցումը հաշվառման հաշվին՝ 28․2% մասնաբաժնով, որի ծավալները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել են 17%-ով։

Երրորդ տեղում են կոմունալ ծառայությունները՝ մոտ 14% մասնաբաժնով. 2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 24%-ով։

Էլեկտրոնային փողով իրականացված գործառնությունների ծավալներում 13․1% մասնաբաժին ունեն ապրանքների ձեռքբերման գործարքները, որոնց ծավալները 2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 36%-ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *