
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18–ի նիստում որոշում կայացրեց, որով 2026–ի համար շուրջ 900 մլն դրամ կտրամադրի գյուղական տնտեսություններին` սուբսիդավորելով թանկացած պարարտանյութը։
Նշվում է, որ սեզոնին ազոտական պարարտանյութը վաճառվել է 6500–8000 դրամով, սակայն ապրիլի 1–ին տասնօրյակում գինը բարձրացել է շուրջ 3000 դրամով:
Հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի շուկայում նկատվող պարարտանյութերի պահանջարկի և գնաճի միտումները հիմնականում պայմանավորված են Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող գործողություններով։ Արդյունքում պարարտանյութերի ներմուծման ծավալները կրճատվել են, որը կարող է հանգեցնել գների աճի։ Գնաճի նման պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությունը դառնում է ոչ եկամտաբեր և ոչ արդյունավետ գործունեություն»։
Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքի համար։ Մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գինը կսուբսիդավորվի 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով 3000 դրամը։
Ծրագրի շահառուները պարարտանյութերը ձեռք կբերեն միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրելու է մատակարարը։