ԱՄԷ-ի լավագույն շրջանավարտներին նվիրել են 28 հազար դոլարով լի ճամպրուկներ

Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն. ակադեմիական ամենաբարձր առաջադիմությունն ու ռեկորդային արդյունքներ ցուցաբերած ավագ դպրոցի լավագույն շրջանավարտներին պետության կողմից շնորհվել են հատուկ թանկարժեք ճամպրուկներ, որոնցից յուրաքանչյուրում եղել է 28 հազար դոլար կանխիկ գումար, ինչպես նաև Դուբայի կառավարչի անձնական ստորագրությամբ նամակը։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այս արքայական պարգևները հանձնվել են երկրի պետական, մասնավոր ու կիրառական տեխնոլոգիաների դպրոցների տարբեր հոսքերում ամենաբարձր միավորներ հավաքած ուսանողներին՝ որպես երախտագիտություն նրանց աշխատանքի և տաղանդի համար:

Այս պարգևը շրջանավարտներին հանձնվել է բոլորովին անակնկալ կերպով՝ անմիջապես քննությունների արդյունքների ամփոփումից հետո։ Դուբայի կառավարիչ, Շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի կողմից անձամբ ստորագրված նամակում, որը շատ ուսանողների համար ավելի մեծ արժեք է ունեցել, քան հսկայական ֆինանսական աջակցությունը, Շեյխը նշել է, որ երկիրը հպարտանում է նրանցով և վստահ է, որ հենց նրանք են կառուցելու ԱՄԷ-ի փառահեղ ապագան:

Իր ուղերձում Շեյխ Մուհամմեդը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել շրջանավարտների ծնողներին՝ անքուն գիշերների ու աջակցության համար, ինչպես նաև ուսուցիչներին՝ երեխաների մեջ գիտելիքի հանդեպ սեր սերմանելու հարցում ունեցած անգնահատելի ավանդի համար:

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *