Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում, ասել եմ՝ վախենում եմ բոմժ դառնա։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է այդքան վախենում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից։
«Իմացեք, որ ահավոր վախենում եմ նրա բոմժ դառնալուց, ընդ որում մինչև տարեվերջ։ Գոնե մի տասնամյակ դիմաց լիներ, ավելի քիչ կվախենայի», – ասաց նա։
Դիտարկմանը, որ Չեխտովի դպրոցի տնօրենը քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է, Ջոն Կիրակոսյան անվան դպրոցի տնօրենը Ավինյանի ընկերոջ կինն է, Պուշկինի անվան դպրոցի տնօրենը քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանի ընկերուհին է, Նանսենի անվան դպրոցի տնօրենը նույն Մարգարիտա Խաչատրյանի եղբոր ընկերոջ կինն է, Գայի անվան դպրոցի տնօրենը Մարգարիտա Խաչատրյանի ընկերուհին է, և արդյոք այստեղ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, Փաշինյանը նշեց.
«Երբ ես տեսնեմ, որ կա այդ համակարգը, ես ռեակցիա կտամ։ Այստեղ երկու գործոն կա, ես կավելացնեի ձեր պնդումներին հետևյալը՝ օրինակ, քրեական հետապնդման ենթարկվող Վարդան Ղուկասյանի աղջիկը Գյումրիում դպրոցի տնօրեն է, Տարոն Մարգարյանի քույրը դպրոցի տնօրեն է։ Հիմա իմ մոտ էլ է հարց ծագում, թե ինչո՞ւ։ Մի բանում կարող եք վստահ լինել, որ ես այդ բոլոր նշանակումներում դեր չեմ ունեցել։ Ես չունեմ գեթ մի ծանոթ, որը հանրապետությունում կամ մանկապարտեզի տնօրեն է նշանակվել, կամ դպրոցի տնօրեն է նշանակվել, կամ ընդհանրապես որևէ բանի տնօրեն է նշանակվել։
Ես 8 տարի վարչապետ եմ, և ես ձեզ պատասխանատու կերպով ասում եմ՝ իմ որևէ ծանոթ, որևէ բարեկամ այդ փաստի բերումով որևէ տեղ ոչ դպրոցի տնօրեն է նշանակվել, ոչ մանկապարտեզի»։
Փաշինյանը նաև մի դրվագ հիշեց, որը կապված էր այժմ ընդդիմության շարքերում գտնվող մի պաշտոնյայի հետ:
«Հերթական աշխատանքային քննարկման ժամանակ ասում եմ՝ էս ո՞վ է, որ այստեղ նշանակել ես։ Ասում է՝ ընկեր ա, ասում եմ՝ էս մեկն ո՞վ ա, և այլն։ Ասեցի՝ լսի, դու կարո՞ղ է մտածում ես, որ ես ընկեր չունեմ Հայաստանի Հանրապետությունում, որ այդպես ընկերներիդ բերում ես, շարում ես։ Մտքովդ չի անցնո՞ւմ, ասենք, լավ, վարչապետը ինձ նշանակել է այս պաշտոնին, հիմա էս մեկը իմ ընկերն է, էս մեկը ընկերոջս ընկերն է, էն մեկը ընկերոջ ընկերոջ ընկերն ա։ Մտքով չի անցնո՞ւմ, լսի, վարչապետը ընկեր չունի՞։ Այսինքն մտածում եք, որ դուք այդպես, բոլորդ ուժեղ շրջապատով տղերք եք, ես էլ մենակ ու տխո՞ւր։ Հիմա ուղարկել եմ ընդդիմադիր քաղաքական գործունեության, ընկերներին թող հավաքի, ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվի»,–ասաց նա։