Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում

Թուրքիայի և Իսրայելի միջև առկա դիվանագիտական ու քաղաքական ճգնաժամը նոր՝ աննախադեպ իրավական փուլ է թևակոխում:

Ստամբուլի քրեական գործերով 11-րդ դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և հանձնարարել է Ինտերպոլին միջազգային կարմիր ծանուցում հայտարարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ:

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Աղմկահարույց այս որոշումը կայացվել է Ստամբուլում ընթացող հեռակա դատավարության շրջանակներում, որտեղ որպես գլխավոր մեղադրյալ հանդես է գալիս անձամբ Իսրայելի կառավարության ղեկավարը: Թուրքական իրավապահ մարմինները Իսրայելի բարձրագույն ղեկավարությանը ներկայացրել են ծանր հանցագործությունների մի ամբողջ փաթեթ:

Քրեական գործի շրջանակներում Նեթանյահուն մեղադրվում է հետևյալ կետերով. Ցեղասպանություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու հրահրում, խոշտանգումներ և անօրինական բանտարկություններ, կողոպուտ և տրանսպորտային միջոցների բռնի առգրավում։

Ինչպես պարզ է դառնում դատական փաստաթղթերից, Բենիամին Նեթանյահուն միակ թիրախը չէ: Մեղադրական եզրակացության մեջ ներառված են նաև Իսրայելի ևս 34 բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորական ղեկավարներ:

Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, որ հանցագործությունների բնույթն ու ծանրության աստիճանը թույլ չեն տալիս որևէ մեղմացուցիչ հանգամանք կիրառել, և դատարանից պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել ցուցակում ընդգրկված բոլոր մեղադրյալներին: Այս քայլն էլ ավելի է սրելու Անկարայի և Թել Ավիվի միջև առանց այն էլ պայթյունավտանգ հարաբերությունները միջազգային ասպարեզում:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *