ԱԶԲ–ն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը համարում է առանցքային երկարաժամկետ ֆինանսավորման, ներդրումներ և կայուն աճի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը համարվում է առանցքային՝ երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիության մեծացման և ներդրումների աջակցման, տնտեսական դիվերսիֆիկացման ու կայուն աճի համար։ Այս մասին նշված է ԱԶԲ-ի Asian Development Outlook (April 2026) զեկույցում։

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի կապիտալի շուկան վերջին տարիներին զգալիորեն փոխվել է, ինչը նշանավորվել է մի շարք բարեփոխումներով՝ ուղղված շուկայական ակտիվության խորացմանը և տնտեսական դիվերսիֆիկացիայի աջակցմանը։ Այս բարեփոխումները կենտրոնացած են եղել շուկայական ենթակառուցվածքների ամրապնդման, ներդրողների բազայի ընդլայնման և կայուն ֆինանսավորման ստանդարտների ինտեգրման վրա։

«Չնայած այս ձեռքբերումներին, Հայաստանի կապիտալի շուկան մնում է ոչ խորը և ոչ բավարար զարգացած՝ պետական արժեթղթերի գերակշռությամբ։ Կորպորատիվ պարտատոմսերն ու բաժնետոմսերը կազմում են ակտիվության միայն մի փոքր մասը, ընդ որում՝ ներդրողների բազան կենտրոնացված է բանկերի և կենսաթոշակային հիմնադրամների շրջանում, իսկ օտարերկրյա և մանրածախ ներդրողների մասնակցությունը սահմանափակ է», — ասված է զեկույցում։

 Նշվում է, որ հետագա առաջընթացը կպահանջի կապիտալի շուկայի միջոցով ֆինանսավորման հասանելիության ընդլայնում կորպորացիաների, ենթակառուցվածքային ընկերությունների, համայնքների և պետական ձեռնարկությունների համար. ոչ պետական արժեթղթերի շուկաների խորացում. ներքին, օտարերկրյա և մանրածախ ներդրողների մասնակցության ընդլայնում. ինչպես նաև մնացած կարգավորող, ինստիտուցիոնալ և կադրային սահմանափակումների վերացում։

«Ֆինանսական գրագիտության ամրապնդումը, շուկայական իրացվելիության բարձրացումը և կառավարման, տեղեկատվության բացահայտման ու կայունության ստանդարտների հետևողական ներդրման ապահովումը կարևորագույն նշանակություն կունենան ավելի դիվերսիֆիկացված և կապիտալի կայուն շուկային աջակցելու համար», — ընդգծում են ԱԶԲ-ի վերլուծաբանները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *