Փոխարժեքների տատանումները` ԿԲ նախագահների օրոք. Ի՞նչ են փաստում թվերը . ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Մեր խոշորացույցի տակ հաճախ են հայտնվում ՀՀ կենտրոնական բանկի նախագահների կառավարման շրջանները` փորձելով դրանք գնահատել ըստ տնտեսական տարբեր ցուցանիշների դրսևորումների։

Սույն վերլուծությունում կփորձենք գնահատել առանցքային տարբեր արժույթներ/ՀՀ դրամ փոխարժեքների հարաբերական տատանողականությունը ՀՀ ԿԲ նախագահների կառավարման առաջին 6 տարիների ընթացքում։

Վերոնշյալ տատանողականությունն ուսումնասիրելու համար հաշվարկվել է ամսական միջին փոխարժեքի մակարդակի հարաբերական տատանողականության գործակիցը։


Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ


ՀՀ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի պարագայում դիտարկվել է կառավարման 1999թ․ հունվար – 2008թ․ մայիս, Արթուր Ջավադյանի դեպքում՝ 2008թ․ հունիս – 2020թ․ հունիս, և ներկայիս ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի կառավարման 2020թ․ հուլիս – 2026թ․ հունիս ժամանակահատվածները․

Տիգրան Սարգսյանի կառավարման ընթացքում 1 ԱՄՆ դոլարի առավելագույն արժեքը կազմել է ֏590․4, 1 եվրոյի արժեքը՝ ֏717․03, իսկ 1 ռուբլու արժեքը՝ ֏23․09։

Նույն ժամանակահատվածում 1 ԱՄՆ դոլարի նվազագույն արժեքը կազմել է ֏486․3, 1 եվրոյի արժեքը՝ ֏466․9, իսկ 1 ռուբլու արժեքը՝ ֏17․4։

Տիգրան Սարգսյանի կառավարման առաջին 6 տարիներին ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքի հարաբերական տատանողականության գործակիցը կազմել է 4․1%, եվրո/ՀՀ դրամ փոխարժեքինը՝ 12․6%, իսկ ռուբլի/ՀՀ դրամ փոխարժեքինը՝ 6․3%։

Արթուր Ջավադյանի կառավարման ընթացքում 1 դոլարի առավելագույն արժեքը կազմել է ֏416․3, 1 եվրոյի արժեքը՝ ֏577․6, իսկ 1 ռուբլու արժեքը՝ ֏13․5։ Նույն ժամանակահատվածում 1 դոլարի նվազագույն արժեքը կազմել է ֏301․9, 1 եվրոյի արժեքը՝ ֏389․2, իսկ 1 ռուբլու արժեքը՝ ֏8․5։

Արթուր Ջավադյանի կառավարման առաջին 6 տարիներին ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքի հարաբերական տատանողականության գործակիցը կազմել է 8․8%, եվրո/ՀՀ դրամ փոխարժեքինը՝ 8․4%, իսկ ռուբլի/ՀՀ դրամ փոխարժեքինը՝ 7․3%։

Մարտին Գալստյանի կառավարման ընթացքում 1 ԱՄՆ դոլարի առավելագույն արժեքը կազմել է ֏527․7, 1 Եվրոյի արժեքը՝ ֏633․4, իսկ 1 ռուբլու արժեքը՝ ֏7․5։ Նույն ժամանակահատվածում 1 դոլարի նվազագույն արժեքը կազմել է ֏368․3, 1 եվրոյի արժեքը՝ ֏395․8, իսկ 1 ռուբլու արժեքը՝ ֏3․9։

Մարտին Գալստյանի կառավարման առաջին 6 տարիներին ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքի հարաբերական տատանողականության գործակիցը կազմել է 12․1%, եվրո/ՀՀ դրամ փոխարժեքինը՝ 15․8%, իսկ ռուբլի/ՀՀ դրամ փոխարժեքինը՝ 20․6%։

  • Այսպիսով, համեմատական վերլուծության արդյունքում արձանագրում ենք, որ ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքը ամենատատանողականը եղել է Մարտին Գալստյանի կառավարման առաջին 6 տարիներին, իսկ ամենաքիչ տատանողականը՝ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին։
  • Եվրո/ՀՀ դրամ փոխարժեքի տատանողականության ամենաբարձր մակարդակը դիտվել է Մարտին Գալստյանի կառավարման ընթացքում, իսկ նվազագույնը՝ Արթուր Ջավադյանի պարագայում։ Վերջապես, ռուբլի/ՀՀ դրամ փոխարժեքն ամենատատանողականը կրկին եղել է Մարտին Գալստյանի կառավարման ժամանակահատվածում, իսկ ամենաքիչ տատանողականը՝ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին։

Վերը կատարված համեմատություններն իրականացնելիս, պետք է հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, որ ՀՀ ԿԲ նախագահների կառավարաման ժամանակահատվածներից յուրաքանչյուրում փոխարժեքների տատանողականության վրա ազդեցություն են ունեցել դիտված արտաքին և ներքին իրադարձությունները, որոնք որոշակի շոկեր են ստեղծել ՀՀ տնտեսությունում։ Հետևաբար, կառավարման մարմինները փորձել են հնարավորինս արդյունավետորեն արձագանքել ստեղծված իրավիճակներին։

Հարկ է արձանագրել նաև, որ կառավարման առաջին 6 տարվա կտրվածքով դրամի փոխարժեքային կայունությունն առավել բարձր է եղել Տիգրան Սարգսյանի օրոք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *