ԱՄՆ հետախուզությունը զգուշացրել է ամերիկյան հողում իրանական «սպառնալիքի» մասին, մինչդեռ Սպիտակ տունը նվազեցրել է ռիսկի նշանակությունը․ Reuters

Անցյալ ամիս ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նահանգային և տեղական իրավապահ մարմիններին զգուշացրել է, որ Իրանի կառավարությունը կարող է մեծ սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ներսում որոշակի թիրախների համար։ Չնայած այս ամենին՝ Սպիտակ տունը փորձում էր նվազեցնել հարձակման հավանականությունը․ գրում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ մարտի 20-ի զեկույցում ՀԴԲ-ն և այլ դաշնային հետախուզական գործակալություններ զգուշացրել են, որ Իրանի կառավարությունը «մշտական ​​սպառնալիք է ներկայացնում» ԱՄՆ ռազմական և կառավարական անձնակազմի և շենքերի, իսրայելական հաստատությունների, ինչպես նաև ԱՄՆ-ում իրանցի այլախոհների համար։ Ամերիկյան հանրության համար լուրջ սպառնալիքների մասին զեկույցում ոչինչ չի ասվում։

Նշվում է, սակայն, որ վերջին ամիսներին հետախուզական այլ գնահատականներին ի պատասխան՝ նախագահ Թրամփն իր հրապարակային հայտարարություններով նվազեցրել է ամերիկյան հողի վրա իրանական հարձակումների հավանականությունը։ Երբ մարտի 11-ին Սպիտակ տան դիմաց նրան հարցրել են՝ արդյոք նա անհանգստանո՞ւմ է ԱՄՆ-ի տարածքի դեմ իրանական հարձակման առումով, Թրամփը պատասխանել է. «Ոչ, չեմ մտահոգվում»։

Նա այս շաբաթ սրեց հակամարտության վերաբերյալ իր հռետորաբանությունը՝ հայտարարելով, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այս գիշեր», եթե Իրանը չկատարի իր պահանջները, սակայն ավելի ուշ իր սպառնալիքը հետաձգեց երկու շաբաթով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *