Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ քաղաքը չունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի ձերբակալության օրդերը կատարելու իրավասություն․ գրում է Euronews-ը։
Մամդանին, սակայն, նշել է, որ նման լիազորություն ունեն ԱՄՆ դաշնային իշխանությունները։
«Բենիամին Նեթանյահուն ռազմական հանցագործ է։ Նա պաղեստինցի ժողովրդի դեմ իրականացվող սարսափելի ցեղասպանության ճարտարապետն է», – սոցցանցերում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Մամդանին։
Նա նշել է, որ համաձայն է Միջազգային քրեական դատարանի դիրքորոշման հետ, որ Նեթանյահուն պետք է ձերբակալվի և կանգնի դատարանի առաջ։ Մամդանիի խոսքով, սակայն, «օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները» ուսումնասիրելուց հետո քաղաքապետարանը եզրակացրել է, որ չունի այդ օրդերը կատարելու «անկախ իրավական լիազորություն»։
«Սակայն դաշնային կառավարությունն ունի նման իրավասություն», – շարունակել է Նյու Յորքի քաղաքապետը՝ հավելելով. «Կոչ եմ անում նրանց միանալ Միջազգային քրեական դատարանին և ի կատար ածել ձերբակալության օրդերը»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ «Բենիամին Նեթանյահուն ոչ մի պարագայում չի ձերբակալվի, քանի դեռ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում»։
Ավելի վաղ Մամդանին հայտարարել էր, որ չի բացառում Նեթանյահուի ձերբակալությունը, եթե վերջինս սեպտեմբերին այցելի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։