Jaguar Land Rover (JLR) ընկերությունը պատրաստվում է շուկա հանել Range Rover ապրանքանիշի նոր մոդելը՝ GT էլեկտրական քրոս-կուպեն։ Այն կդառնա շարքի հինգերորդ ավտոմեքենան՝ ֆլագմանից, Evoque-ից, Velar-ից ու Sport-ից հետո։ Արտադրողն այս մոդելը համարում է պատմության մեջ ամենամարդատար Range Rover-ը։ Հուլիսի 22-ին ընկերության մամուլի ծառայությունը ցուցադրել է ավտոմեքենայի առաջին լուսանկարները։
Range Rover GT-ի դիզայնում միաձուլված են քրոսովերի և դասական «գրանդ տուրերի» տարրերը։ Ցածր հատակի, ձգված սիլուետի և կուպեաձև տեսքի շնորհիվ մեքենան ավելի շատ սպորտային լիֆթբեք կամ ունիվերսալ է հիշեցնում, քան ավանդական SUV: Արտաքինով նորույթը որոշ չափով նման է Range Rover Sport-ին (հատկապես դիմացի հատվածի ձևով ու նեղ լուսարձակներով), բայց ունի ավելի դինամիկ համաչափություններ։
Մեքենայի սրահն ստեղծված է մինիմալիստական ոճով, որտեղ շեշտը դրված է թվային լուծումների վրա։ Այստեղ տեղադրված են նեղ սարքավորումների վահանակ, մուլտիմեդիա համակարգի խոշոր կենտրոնական էկրան և «սավառնող» կենտրոնական կոնսոլ։ Ղեկն ունի հաստ հորիզոնական ճաղեր ու սենսորային կառավարման տարրեր։ Սկզբնական շրջանում GT-ն հասանելի կլինի չորս տեղանոց տարբերակով, իսկ ավելի ուշ կհայտնվի նաև հինգ տեղանոց սրահով տարբերակը։
Սկզբում մոդելը կառաջարկվի բացառապես լրիվ էլեկտրական ուժային համակարգով, իսկ հետագայում նախատեսվում է թողարկել նաև հիբրիդային տարբերակը։ Ավտոմեքենայի հիմքում EMA մոդուլային հարթակն է։
Range Rover-ի գլխավոր տնօրեն Մարտին Լիմպերտի խոսքով՝ նոր մոդելը «նորովի կսահմանի «գրան տուրիզմո» սեգմենտը՝ առաջարկելով արտահայտիչ դիզայնի, հեռավոր ճանապարհորդությունների հարմարավետության և այնպիսի հնարավորությունների համադրություն, որոնք հասանելի չեն այս դասի ավանդական ավտոմեքենաների համար»։
Սպասվում է, որ Range Rover GT-ի տեխնիկական բնութագրերը հայտնի կդառնան մինչև տարեվերջ։ Ընկերությունը դեռևս չի հստակեցնում վաճառքի և մատակարարումների մեկնարկի ժամկետները: