Mercedes-Benz-ը չի բացառում Գերմանիայում իր որոշ արտադրական հզորությունների կրճատման կամ փակման հնարավորությունը, եթե ընկերությանը չհաջողվի նվազեցնել ծախսերը։ Այս մասին Handelsblatt-ին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության արտադրության գծով տնօրեն Միխայել Շիբեն։
Ըստ նրա՝ ընկերության հիմնական այլընտրանքներից մեկը Հունգարիայում գործող գործարանն է։ Թոփ-մենեջերի խոսքով՝ այնտեղ ավտոմեքենաների արտադրության ծախսերը մոտ 70%-ով ցածր են, իսկ աշխատակիցներն ավելի երկար ժամեր են աշխատում, ինչը դրական ազդեցություն է ունենում արտադրողականության վրա։
Mercedes-Benz-ը փորձում է պահպանել Գերմանիայում գործող գործարանները և այդ նպատակով առաջարկում է փոփոխություններ աշխատանքային պայմաններում։ Մասնավորապես, ընկերությունը քննարկում է աշխատանքային շաբաթը 35 ժամից մինչև 40 ժամ երկարացնելու տարբերակը՝ առանց աշխատավարձի բարձրացման, ինչպես նաև հավելավճարների համակարգի վերանայումը։
Սակայն այս առաջարկները արդեն արժանացել են աշխատակիցների ներկայացուցիչների և արհմիությունների կոշտ քննադատությանը։ Նրանք մտահոգություն են հայտնել, որ նման փոփոխությունները կարող են վատթարացնել աշխատողների պայմանները և մեծացնել ճնշումը գերմանական արտադրական ոլորտի վրա։
Mercedes-Benz-ում ընդգծում են, որ համաշխարհային ավտոմոբիլային շուկայում մրցունակությունը պահպանելու համար անհրաժեշտ է նվազեցնել արտադրական ծախսերը։ Ընկերության ղեկավարությունը զգուշացնում է, որ առանց արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման՝ Գերմանիայում աշխատատեղերի և արտադրական հզորությունների պահպանումը կարող է դժվարանալ։
Գերմանական ավտոարդյունաբերությունը վերջին տարիներին բախվում է մի շարք մարտահրավերների՝ ներառյալ էներգիայի բարձր գները, էլեկտրամոբիլների արագ անցման ծախսերը, չինական արտադրողների աճող մրցակցությունը և Եվրոպայում արտադրության թանկացումը։ Mercedes-Benz-ի քայլերը դիտարկվում են որպես ընդհանուր միտման մաս, երբ եվրոպական ավտոկոնցեռնները փորձում են արտադրությունը տեղափոխել ավելի ցածր ծախսերով երկրներ։