2027 թվականի կեսից ԵՄ-ում ավիաուղևորները ավելի շատ իրավունքներ կստանան. Եվրոպական խորհրդարանն ու ԵՄ Խորհուրդը հաստատել են հունիսյան համաձայնագիրը, որը չվերթների հապաղման և չեղարկման դեպքում ուժեղացնում է ճանապարհորդների պաշտպանությունը, հայտնում է Euronews-ը:
Եվրախորհրդարանի պատգամավորներին հաջողվել է պաշտպանել առանցքային պահանջը. ուղևորները նախկինի պես փոխհատուցում կստանան չվերթի առնվազն երեք ժամով հապաղման, մեկնումից 14 օրից պակաս ժամկետում դրա չեղարկման կամ նստեցման մերժման դեպքում: Պահպանվել են նաև դրույթները՝ չվերթի չեղարկման դեպքում տոմսի արժեքի վերադարձման կամ դեպի այլ չվերթ վերաուղղորդման վերաբերյալ:
Ուշացումների համար փոխհատուցման չափը մնացել է նույնը և կախված է թռիչքի հեռավորությունից. 250 եվրո՝ մինչև 1500 կմ հեռավորությամբ չվերթների համար, 400 եվրո՝ 1500-3500 կմ չվերթների համար, և 600 եվրո՝ ավելի մեծ հեռավորությամբ բոլոր մնացած չվերթների համար:
Նոր կանոնները միաժամանակ հստակ սահմանում են ուղևորների իրավունքը՝ չվացուցակի խափանումների դեպքում սպասման յուրաքանչյուր երկու ժամը մեկ ըմպելիք, երեք ժամ անց՝ տաք սնունդ, ինչպես նաև տևական հապաղումների դեպքում հյուրանոցում տեղավորում (մինչև երեք գիշեր) ստանալու վերաբերյալ: Ուղևորները կարող են պահանջել ծախսերի հատուցում, եթե ավիաընկերությունը անհրաժեշտ աջակցությունը չտրամադրի:
Այժմ ուղևորներին պետք է հստակ տեղեկություն տրամադրվի չվերթների խափանումների դեպքում նրանց իրավունքների և նման խախտումների պատճառների մասին: Ավիաընկերությունները պարտավոր են էլեկտրոնային եղանակով 4 օրվա ընթացքում ծանուցել ուղևորներին փոխհատուցման ստացման կարգի մասին, առաջարկել ամբողջ ԵՄ-ում ստանդարտացված միասնական ձևաթղթեր (կամ սեփական ձևաթղթերը) և ապահովել 9-ամսյա ժամկետ՝ էլեկտրոնային եղանակով կամ փոստով հայտեր ներկայացնելու համար: Ավիաընկերություններն ունեն 30 օր՝ վճարումը կատարելու, մերժումը հիմնավորելու կամ արտակարգ հանգամանքներին հղում անելու, ինչպես նաև ուղևորներին բողոքի ներկայացման ամբողջ ընթացակարգով անցնելու հարցում օգնելու համար:
Միջնորդների միջոցով տոմսեր գնող ուղևորները չվերթի չեղարկման դեպքում պետք է ստանան միջոցների լրիվ վերադարձ 7 օրվա ընթացքում՝ ներառյալ միջնորդավճարը: Արգելվում են լրացուցիչ վճարները՝ անվան մեջ սխալների ուղղման կամ առցանց գրանցվելուց հետո նստեցման կտրոնի տպագրման համար: Ուղևորները կարող են էլեկտրոնային նստեցման կտրոն ստանալ առանց հաշվառման հաշիվ ստեղծելու և պարտավոր չեն հավելավճար վճարել հետադարձ չվերթի համար, եթե չեն օգտվել դեպի այնտեղ թռիչքից:
Սահմանափակ շարժունակությամբ անձինք (PRM) փոխհատուցման իրավունք կունենան, երթուղու փոփոխման և ավիաընկերությունների կողմից աջակցության, եթե նրանք բաց են թողել չվերթը օդանավակայանում սպասարկման կամ դրա ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների պատճառով: Մինչև 14 տարեկան երեխաները, հղի կանայք և սահմանափակ շարժունակությամբ ուղևորները պետք է տեղավորվեն իրենց ուղեկցող անձանց կողքի տեղերում՝ առանց հավելավճարի:
Ավիաընկերությունները նախկինի պես կարող են փոխհատուցում չվճարել, եթե չվերթների խափանումները տեղի են ունենում իրենցից չկախված պատճառներով: Նոր կանոնները պարունակում են «արտակարգ հանգամանքների» բաց ցանկ, սակայն ավիափոխադրողները պետք է ապացուցեն դրանց առկայությունը և հստակ բացատրեն, թե ինչու են մերժում պահանջները: