Երկուշաբթի օրը Մեխիկոյի պատմական կենտրոնում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է El Universal թերթը։
Մայրաքաղաքի քաղաքացիական անվտանգության քարտուղարության տվյալներով՝ միջադեպը գրանցվել է քաղաքի կենտրոնում՝ Բելիսարիո Դոմինգես և Բրազիլիայի Հանրապետություն փողոցների խաչմերուկում։ Անհայտ անձինք կրակ են բացել երեք տղամարդու վրա, իսկ հետո մոտոցիկլետներով հեռացել դեպքի վայրից։
Ժամանած շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են 42-ամյա տղամարդու մահը։ 39-ամյա երկու տուժածներին տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերվել, ինչից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայրը շրջափակել են ոստիկանները, այնտեղ աշխատում են քրեագետներն ու դատախազության քննիչները։ Իշխանություններն ուսումնասիրում են տեսախցիկների տեսագրությունները՝ հանցագործների ուղին պարզելու նպատակով։ Ձերբակալությունների մասին դեռևս տեղեկություններ չկան, հարձակման դրդապատճառները ճշտվում են։