Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ցանկացած եվրոպական ռազմանավ, որը կուղևորվի դեպի Հորմուզի նեղուց, Թեհրանի կողմից օրինական թիրախ կդիտարկվի, հայտնում է Press TV-ն։
«Ցանկացած եվրոպական ռազմանավ, որը կմոտենա Հորմուզի նեղուցին, մեզ համար օրինական թիրախ կդառնա»,- իրանական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է դիվանագետը։
Հայտարարությունը հնչել է այն տեղեկությունների ֆոնին, որ որոշ եվրոպական երկրներ հնարավոր է միանան ԱՄՆ-ին՝ ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցով ազատ նավարկությունը վերականգնելու փորձերում, որով երթևեկությունը խաթարվել էր ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի մեկնարկից հետո։
Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ Հորմուզի նեղուցը վերադարձնել մինչև հակամարտությունը գոյություն ունեցած վիճակին։ Նրա խոսքով՝ ջրային ուղու նկատմամբ վերահսկողությունը Թեհրանի համար դարձել է «նոր պաշտպանական հնարավորություն» և ազգային անվտանգության կարևոր տարր։
«Եթե Հորմուզի նեղուցը վերադառնա նախապատերազմյան կարգավիճակին, պատերազմում մեր հաղթանակը լիարժեք չի լինի»,- հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։
Հորմուզի նեղուցով նախկինում անցնում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։ Իրանը պնդում է, որ նավերի հետագա շարժը պետք է հաշվի առնի ջրային տարածքի նկատմամբ իր վերահսկողությունը, մինչդեռ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հանդես են գալիս ազատ անցման նախկին ռեժիմի վերականգնման օգտին։