Նովոսիբիրսկից Կրասնոդար թռչող «S7» ավիաընկերության «Airbus A320» ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով հետ է վերադարձել մեկնման օդանավակայան։ ՌԴ ՔԿ տրանսպորտի քննչական վարչության նախնական տվյալներով՝ թռիչքի ընթացքում բռնկվել է օդանավի շարժիչներից մեկը։ Ինքնաթիռում գտնվող 166 անձանցից 6-ը անձնակազմի անդամներ են եղել և նրանց հաջողվել է սեփական ուժերով մարել կրակը։
Օդանավի վայրէջքն անցել է բնականոն հունով, տուժածներ չկան։ Դեպքի առթիվ իրականացվում է ստուգում՝ օդային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնները խախտելու հոդվածով (ՔՐ. օր. 263):
«S7» ավիաընկերությունում պարզաբանել են, որ թռիչքի ժամանակ աշխատել է հրդեհի ազդանշանային համակարգը, ուստի անձնակազմը որոշել է վերադառնալ։ «Տոլմաչևո» օդանավակայան հասած ուղևորները դեպի Կրասնոդար կմեկնեն պահուստային չվերթով՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:20-ին։
Սա ամռան սկզբից ի վեր արդեն երրորդ դեպքն է, երբ ռուսական ուղևորատար օդանավերը թռիչքի ընթացքում շարժիչի տեխնիկական խնդիրներ են ունենում։ Հունիսի 22-ին Եկատերինբուրգից Աստանա ուղևորվող «Red Wings»-ի «Sukhoi Superjet 100»-ի երկրորդ շարժիչից պոկվել են պատյանները։ Իսկ հունիսի 17-ի երեկոյան «Smartavia»-ի «Boeing 737-800»-ը, որն ուղևորվում էր Արխանգելս, Սև ծովի երկնքով անցնելիս աղետի ազդանշան է արձակել և արտակարգ վայրէջք կատարել Սոչիում՝ շարժիչներից մեկի անջատման պատճառով։
Ռուսական ավիափոխադրողների օդանավերում տեխնիկական խափանումները կանոնավոր բնույթ են կրում․ պատճառը պատշաճ սպասարկման բացակայությունն ու պահեստամասերի սուր դեֆիցիտն են, որոնք պայմանավորված են Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Արևմուտքի սահմանած պատժամիջոցներով։ «Новая газета Европа»-ի տվյալներով՝ 2025 թվականին չվերթների խաթարման հանգեցրած ավիացիոն պատահարների թիվը 2024-ի համեմատ ավելացել է 4 անգամ՝ հասնելով 800-ի։
Ինչպես փետրվարին հայտնել էր «Коммерсантъ»-ը, Մոսկվան փորձում էր արևմտյան ինքնաթիռների շարժիչների վերանորոգումը կազմակերպել Իրանում, սակայն ապարդյուն։ Արդյունքում՝ միջնորդավորված և հեռավոր թռիչքների համար նախատեսված 93 լայնամարմին «Boeing» և «Airbus» օդանավերից ավելի քան մեկ երրորդն այլևս չի շահագործվում։