Մոտ 850,000 տարի առաջ ժամանակակից Իսպանիայի տարածքում ապրող հին մարդիկ, հնարավոր է, մարդակերությամբ են զբաղվել շատ ավելի մեծ մասշտաբով, քան նախկինում կարծում էին։ Այս եզրակացությանն են հանգել գիտնականները Սիեռա դե Ատապուերկա հնագիտական համալիրի Գրան Դոլինա քարանձավում հայտնաբերված նոր գտածոներն ուսումնասիրելուց հետո, հաղորդում է Live Science-ը։
Խոսքը Homo antecessor-ի ներկայացուցիչների մասին է՝ ժամանակակից մարդկանց անհետացած ազգականը, որը բնակեցրել է Եվրոպան մոտավորապես 1,2 միլիոնից մինչև 770 հազար տարի առաջ: Հնագետները մի քանի անհատների մոտ երկու տասնյակ ոսկորներ և ատամներ են հայտնաբերել, այդ թվում՝ գանգի, ողնաշարի, ձեռքերի և ոտքերի բեկորներ: Որոշ ոսկորներ կրում են քարե գործիքների կողմից թողնված բնորոշ կտրվածքներ:
Նախկինում հետազոտողները կարծում էին, որ մարդակերությունը հիմնականում ուղղված էր երեխաների և դեռահասների դեմ, որոնց ավելի հեշտ էր որսալ։ Սակայն նոր գտածոները ցույց են տվել, որ կերվածների թվում կային նաև մեծահասակներ։ Գիտնականների խոսքով՝ սա փոխում է Homo antecessor-ի վարքագծի մասին մեր պատկերացումները և ենթադրում է, որ մարդակերությունը սահմանափակված չէր խմբի ամենախոցելի անդամներով։
Ընդհանուր առմամբ, Գրան Դոլինայում հայտնաբերվել են այս տեսակի առնվազն 13 մարդկանց մնացորդներ, որոնցից գրեթե կեսը մեծահասակներ են։ Սա թույլ է տալիս հետազոտողներին ավելի լիարժեք հասկանալ հին բնակչության կազմը և նրա կենսակերպը։
Մարդկային մնացորդներից բացի, հնագետները հայտնաբերել են քարե գործիքներ, որոնք պատրաստված են կայծքարից, քվարցիտից և ավազաքարից, ինչպես նաև կենդանիների ոսկորներ՝ բորենիներ, կուղբեր, եղջերուներ, ձիեր և ռնգեղջյուրներ։ Մարդկային ոսկորների վրա մորթման հետքերը համընկնում են այդ գործիքների կողմից կենդանիների ոսկորների վրա թողած հետքերի հետ։ Ավելին, գիտնականները նախկինում մարդկային մնացորդների վրա հայտնաբերել են մարդկային ատամների հետքեր, ինչը համարվում է ամենահամոզիչ ապացույցներից մեկը, որ մարմինները իսկապես կերվել են։
Ինչու է Homo antecessor-ը զբաղվել մարդակերությամբ, մնում է առեղծված։ Հնարավոր է՝ դա կապված է եղել խմբերի միջև ռեսուրսների համար մրցակցության հետ, սակայն դեռևս վերջնական ապացույցներ չկան։ Հետազոտողները հույս ունեն, որ նոր հայտնագործությունները կօգնեն հասկանալ, թե որքան հաճախ են տեղի ունեցել նման միջադեպերը և ինչ դեր են խաղացել դրանք հին մարդկանց կյանքում։