Թրամփը և Սաուդյան Արաբիայի ՊՆ ղեկավարը քննարկել են Իրանի հետ հակամարտությունը․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալեդ բեն Սալման Ալ Սաուդը հուլիսի 29-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Իրանի հետ հակամարտությունը։ Այս մասին X-ում հայտնել է Axios պորտալի և Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներից մեկին։

Հրապարակման համաձայն՝ նախարարը Թրամփին է փոխանցել «Իրանի դեմ պատերազմի և տարածաշրջանում էսկալացիայի վերաբերյալ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի ուղերձը»։ Ուղերձի մանրամասները չեն հրապարակվել։

Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ թագավորության պաշտպանության նախարարը հուլիսի 29-ին Վաշինգտոնում հանդիպել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Ինչպես նշվում էր հոդվածում, Էր Ռիյադը ձգտում է հակամարտության ապաէսկալացմանը և գտնում է, որ դրա ձգձգումը լուրջ ռիսկեր է պարունակում։

Չորեքշաբթի լույս գիշերը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թուրքի ալ-Մալիքին տեղեկացրել է, որ թագավորության զինված ուժերը, ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հետ համակարգմամբ, «թիրախահւբ հարվածներ» են հասցրել Իրաքում գտնվող օբյեկտներին։ Էր Ռիյադի պնդմամբ՝ թիրախավորված օբյեկտները կապված են Իրաքի տարածքում գործող այն խմբավորումների հետ, որոնք առնչություն ունեն սաուդյան նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումների հետ։ Վերջին տվյալներով՝ հարվածների հետևանքով շիական աշխարհազորի 20 մարտիկ է զոհվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *