Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Պենզայում գտնվող Wildberries-ի պահեստին. կա մեկ զոհ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակում են իրականացրել Ռուսաստանի Պենզայի մարզում գտնվող Wildberries ընկերության պահեստային համալիրի վրա։

Այս մասին հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ դեպքի հետևանքով կա մեկ զոհ, իսկ մոտ 200 աշխատակից տարհանվել է, հայտնել է Պենզայի մարզի նահանգապետ Օլեգ Մելնիչենկոն։

Նրա փոխանցմամբ՝ պահեստում բռնկված հրդեհի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական խմբերը։

Տեղեկությունը հաստատել է նաև Wildberries-ի մամուլի ծառայությունը՝ հայտնելով, որ ընկերության լոգիստիկ շղթան վերակազմակերպվել է, և պատվերների ընդունումն ու առաքումներն իրականացվում են այլ օբյեկտների միջոցով։

Սա Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների շարքի հերթական դեպքն է։

Հուլիսի 18-ից ի վեր Ուկրաինան առնվազն ինը հարված է հասցրել Ռուսաստանում և բռնակցված Ղրիմում գտնվող ընկերության տերմինալներին, այդ թվում՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի, Նևինոմիսկի և Սիմֆերոպոլի մոտակայքում։

Մեկ օր առաջ՝ հուլիսի 29-ին, ԱԹՍ-ի հարվածից հրդեհ էր բռնկվել նաև Ռյազանի լոգիստիկ համալիրում։

ԱԹՍ-ների շարունակական հարձակումների ֆոնին Կոմերսանտ թերթը հայտնել էր, որ Wildberries-ն այժմ ազատ պահեստային տարածքներ է փնտրում Ղազախստանում։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *