Ազգային ժողովի պատգամավոր, «18 արդարների» գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանն առաջարկել է այսօր չքննարկել իրեն տնային կալանքից ազատելու հարցը, քանի որ դատավոր Կարեն Ֆարխոյանն ունի կանխակալ կարծիք, և ամեն ինչ արդեն որոշված է։
Հուլիսի 30-ի նիստում նա առաջարկել է ընդհանրապես չքննարկել միջնորդությունը, քանի որ նախորդ նիստում դատավորը մերժել էր տնային կալանքը վերացնելու պահանջը՝ ներկայացված հիմքերը համարելով անբավարար։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում փաստաբան Արամ Վարդևանյանը տնային կալանքը վերացնելու միջնորդություն էր ներկայացրել այն հիմքով, որ Սարգսյանի պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարված չէ. նա ընտրվել է պատգամավոր։ Ի պատասխան՝ դատավորը հայտարարել էր, թե Սարգսյանը դեռ նախորդ գումարման ԱԺ պատգամավոր է, և նրա մասով անձեռնմխելիությունն արդեն հաղթահարված է։
«Դուք ինձ ցմահ պատգամավոր կարգեցիք, ինչի համար շնորհակալություն», — կատակել է Սարգսյանը՝ դատավորին ասելով, որ դրանք տարբեր ընտրություններ են ու տարբեր կազմեր, և թեև խոսքը նույն մարդու մասին է, նախորդ կարգավիճակը չի տարածվում ներկայիս Սարգսյանի վրա։ Տնային կալանքի ժամկետն ավարտվում է օգոստոսի 8-ին։ Ըստ էության, նույնիսկ դատավորի վարկածով ստացվում է, որ օգոստոսի 2-ից (նոր կազմով ԱԺ առաջին նիստը) մինչև 8-ը Սարգսյանի պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարված չի լինի, հետևաբար տնային կալանքն ապօրինի է։
Ինչպես հետագայում պարզվել է, Արամ Վարդևանյանը, պատգամավորական գործունեությանն անցնելու պատճառով, այլևս չի մասնակցի դատական պրոցեսին։