Լեհաստանը հայտարարել է ռուսական հրթիռի ընկնելու մասին. ՆԱՏՕ-ն կործանիչներ է օդ բարձրացրել

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ, նախնական տվյալներով, երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական X-101 թևավոր հրթիռ է։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հիմքեր չկան կարծելու, թե Լեհաստանը եղել է դրա թիրախը, հայտնում է The Guardian-ը։

Տուսկն այցելել է հրթիռի ընկնելու վայր և հայտնել, որ նախորդ գիշեր Ուկրաինային Ռուսաստանի հասցրած մասշտաբային հարվածի ընթացքում արձանագրվել է Լեհաստանի օդային տարածքի խախտում։

Սկզբում նա խոսում էր երկու հրթիռի մասին, սակայն ավելի ուշ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը ճշգրտել է, որ միայն մեկ հրթիռէ հատել սահմանը։

Վարչապետի խոսքով՝ Լեհաստանի ռազմաօդային ուժերը պատրաստ են եղել խոցել հրթիռը, եթե այն սպառնալիք ներկայացներ բնակավայրերի համար։

Տուսկը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն հետաքրքրվածություն է հայտնել միջադեպի հետաքննությանը մասնակցելու հարցում։

ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Լեհաստանի օդային տարածքի խախտումից անմիջապես հետո գործողության մեջ են դրվել Դաշինքի և երկրի հակաօդային պաշտպանության ուժերը։

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարի շտաբի (SHAPE) տվյալներով՝ օդ են բարձրացվել լեհական երկու F-16 կործանիչ, հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման Saab 340 ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի բազմազգ ստորաբաժանման Airbus A330 MRTT լիցքավորող ինքնաթիռ, ինչպես նաև լեհական Մի-24 ուղղաթիռ։

Դաշինքից հայտնել են, որ սերտ կապի մեջ են լեհական իշխանությունների հետ և շարունակում են հետևել պատահարի հանգամանքների հետաքննությանը։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը իրավիճակը քննարկել է Լեհաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վեսլավ Կուկուլայի հետ։

ՆԱՏՕ-ում ընդգծել են, որ Դաշինքը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները սեփական տարածքը պաշտպանելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *