Քենիայի հարավային մասում հայտնաբերվել է 15 փղի մարմին, որոնք, ենթադրաբար, անկել են հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական հողատարածքներում թունաքիմիկատներով մշակված լոլիկներ ուտելուց հետո, հայտնում է BBC News-ը։
Քենիայի Վայրի բնության պահպանության ծառայությունից (KWS) հայտնել են, որ նախնական լաբորատոր հետազոտությունները կենդանիների դիակներից վերցված նմուշներում ցիանիդ են հայտնաբերել։
Տասը փիղ հայտնաբերվել է կաթվածահարության նշաններով և անկել է երկու օրվա ընթացքում։ Եվս հինգ կենդանի հայտնաբերվել է արդեն անշնչացած։ Անկած փղերը տարբեր տարիքի և սեռի էին, ինչը ցույց է տալիս կոնկրետ մեկ խմբի հետ կապի բացակայությունը։
KWS-ի տվյալներով՝ անկման դեպքերը տեղի են ունեցել 2026 թվականի հունիսի 24-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Ամբոսելի ազգային պարկի շրջանում։ Իշխանությունները շարունակում են հետաքննությունը, սակայն ներկա պահին դիտավորյալ թունավորումը բացառում են։
Բնապահպանական մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ հայտնաբերված թունավոր նյութերն անմիջական սպառնալիք չեն ներկայացնում մարդկանց համար։
Միջադեպը կրկին ուշադրություն է հրավիրել պարկի շուրջ գյուղատնտեսական տարածքների ընդլայնման խնդրին։ Ամբոսելիի էկոհամակարգում ապրող փղերը սննդի և ջրի որոնումներով պարբերաբար դուրս են գալիս պահպանվող գոտու սահմաններից, ինչը տեղի ֆերմերների հետ հանգեցնում է բախումների։
Ամբոսելիի էկոհամակարգը գտնվում է Քենիայի և Տանզանիայի սահմանին և համարվում է աֆրիկյան փղերի բնակության հայտնի տարածաշրջաններից մեկը։ Amboseli Trust for Elephants կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականին այստեղ հաշվվում էր ավելի քան 2000 փիղ։
Իշխանությունները նշում են, որ նման մասշտաբի փղերի զանգվածային անկում տարածաշրջանում չէր արձանագրվել արդեն մի քանի տասնամյակ։ Այդ ընթացքում Քենիային հաջողվել է զգալիորեն նվազեցնել որսագողության մակարդակը։