ԱԹՍ-ների հարձակում՝ Վոլգոգրադում. հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում

Գիշերային զանգվածային հարձակման հետևանքով անօդաչու թռչող սարքերը հարվածել են Վոլգոգրադի Ձերժինսկի շրջանում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, ինչպես նաև քաղաքի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի արդյունաբերական օբյեկտին:

Այս մասին հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ Wildberries-ի մամուլի ծառայությունը հաստատել է լոգիստիկ կենտրոնում բռնկված հրդեհի փաստը՝ նշելով, որ տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական խմբերը:

Ընկերության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով զոհեր չկան, իսկ առաքումներն ու պատվերները վերահասցեագրվել են այլ պահեստներ:

Միևնույն ժամանակ, Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ հարձակման հետևանքով հինգ տուժած հոսպիտալացվել է և ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Սա հուլիսի 18-ից ի վեր Wildberries-ի լոգիստիկ տերմինալների վրա իրականացված արդեն 11-րդ հարձակումն է։ Մեկ օր առաջ՝ հուլիսի 30-ին, խոշոր հրդեհներ էին բռնկվել նաև ընկերության՝ Պենզայի և Սարապուլի պահեստներում:

Ուկրաինական կողմը հաստատել է հարվածների պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ նշված առցանց հարթակն օգտագործվում է նաև ռազմական տեխնիկայի և սարքավորումների մատակարարման նպատակով։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *