ԵՀ-ն պատրաստ է Frontex-ի միջոցով օգնել Իսպանիային՝ նոր միգրացիոն ճգնաժամի պատճառով

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) պատրաստ է սահմանների պահպանության Frontex գործակալության միջոցով աջակցություն ցուցաբերել Իսպանիային՝ Սեուտայում ներգաղթյալների նոր ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հայտնել է Ներքին գործերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները։

«Մենք Իսպանիայի ՆԳՆ-ին տեղեկացրել ենք Frontex-ի միջոցով աջակցություն հայտնելու մեր պատրաստակամության մասին», — գրել է նա X-ում։ Բրունները նաև նշել է, որ Եվրոհանձնաժողովը «մշտական կապի մեջ է շահագրգիռ երկրների իշխանությունների հետ՝ Սեուտայում ստեղծված իրավիճակի հարցով»։ Նա ընդգծել է, որ Մարոկկոյի իշխանությունների հետ քննարկում են անօրինական զանգվածային տեղաշարժերը կանխելու անհրաժեշտությունը։

El Confidencial թերթը, հղում անելով Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի գնահատականներին, հայտնում է, որ հուլիսի 30-ին շուրջ 40 հազար մարդ է փորձել Մարոկկոյից ապօրինի մուտք գործել Սեուտա ինքնավար քաղաք։

Politico պարբերականի փոխանցմամբ՝ Սեուտայի սահմանային այս ճգնաժամը ամենախոշորն է 2021 թվականից ի վեր, ինչը երկրում հումանիտար և սոցիալական արտակարգ իրավիճակ է ստեղծել։ Իրավիճակը փաստացի սրվել է Իսպանիայի իշխանությունների այն որոշումից հետո, որով մեղմացվել էին անօրինական միգրանտների արտաքսման կանոնները։ Politico-ն ընդգծում է, որ տեղի ունեցածը սուր քննադատության ալիք է բարձրացրել Իսպանիայի կառավարության միգրացիոն քաղաքականության հասցեին։

Իսպանիայի իշխանությունների գործողություններից իրենց դժգոհությունն են հայտնել ծայրահեղ աջ «Վոքս» կուսակցության առաջնորդ Սանտյագո Աբասկալը, որը տեղի ունեցածն անվանել է «ներխուժում», ինչպես նաև գերմանական «Ալտերնատիվ Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը և Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը՝ Մադրիդին կոչ անելով հետևել ԵՄ Միգրացիոն համաձայնագրին։ Իտալիայի կառավարությունն իր հերթին չի բացառում Իսպանիայի հետ սահմաններին ժամանակավորապես վերահսկողություն սահմանելու հնարավորությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *