Թրամփի գրառումները՝ գումարի դիմաց. Truth Social-ը նոր ծառայություն է բացում Ուոլ Սթրիթի համար

Trump Media & Technology Group ընկերությանը պատկանող Truth Social սոցիալական ցանցը գործարկում է վճարովի ծառայություն, որը շուկայի մասնակիցներին թույլ կտա վերլուծության համար օգտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումներից՝ մինչև դրանց լայն տարածումը, հայտնում է Associated Press-ը։

Truth API նոր ծառայությունը նախատեսված է առաջին հերթին ֆինանսական ընկերությունների և բարձր հաճախականությամբ թրեյդերների համար, որոնք պատրաստ են ամսական մոտ 100 հազար դոլար վճարել օպերատիվ տվյալների համար։ Քննադատները կարծում են, որ նման մոդելը շուկայում անհավասար պայմանների ռիսկ է ստեղծում, քանի որ Թրամփի գրառումները հաճախ առաջացնում են բաժնետոմսերի, արժույթների և հումքային շուկաների կտրուկ տատանումներ։

Վերջին ամիսներին Truth Social-ում ԱՄՆ նախագահի հայտարարություններն արդեն ազդել են ընկերությունների բաժնետոմսերի, արժույթների և բորսայական ինդեքսների գնանշումների վրա։ Թրամփը հարթակն օգտագործել է մաքսատուրքերի, միջազգային քաղաքականության, էներգետիկայի և տնտեսության հնարավոր փոփոխությունների մասին հայտարարություններ անելու համար։

Ֆինանսական էթիկայի փորձագետները զգուշացնում են, որ ընտրված մոդելը կարող է շահերի բախում ստեղծել․ նախագահը հնարավորություն է ստանում իր իսկ հայտարարություններով ազդել շուկաների վրա, իսկ առանձին մասնակիցներ ստանում են այս տեղեկատվության արագացված հասանելիություն։

Ընկերությունում մերժում են մեղադրանքները՝ հայտարարելով, որ ծառայությունը բացառիկ տվյալներ չի տրամադրում, և հրապարակումները միաժամանակ հասանելի կլինեն թե՛ թրեյդերներին, թե՛ սովորական օգտատերերին։ Սակայն քննադատները նշում են, որ առավելությունը կարող է լինել տեղեկատվության մշակման արագության մեջ․ խոշոր ֆոնդերի ալգորիթմները ունակ են հաղորդագրություններին արձագանքել վայրկյանների ընթացքում։

Ծառայությունը հայտնվում է Trump Media-ի լուրջ ֆինանսական խնդիրների ֆոնին։ Թրամփի իշխանության գալուց հետո ընկերության բաժնետոմսերը զգալիորեն նվազել են, իսկ ընկերությունը շարունակում է խոշոր վնասներ կրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *