Կոսովոյում հայտնաբերել են 1998–1999 թվականների պատերազմի զոհերի հավանական զանգվածային գերեզմ

Կոսովոյում 1998–1999 թվականների պատերազմի ժամանակաշրջանին վերագրվող զանգվածային գերեզմանում հայտնաբերվել են յոթ մարդու աճյուններ։ Այս մասին հայտնել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, փոխանցել է AFP-ն։

Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձագետներն արդեն դուրս են բերել յոթ մարդու աճյունները, սակայն նախնական գնահատականներով՝ գերեզմանում կարող են գտնվել 23 կոսովցի ալբանացիների մարմիններ։

Կուրտին հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը Միտրովիցա քաղաքի բնակիչների՝ բժիշկների, ուսուցիչների, իրավապաշտպանների և մտավորականության այլ ներկայացուցիչների մասին է, որոնք առևանգվել և սպանվել էին 1999 թվականի ապրիլին։

Կոսովոյի գլխավոր դատախազ Բլերիմ Իսուֆայը նշել է, որ աճյունների նույնականացումը ժամանակ կպահանջի։ Հետաքննության շրջանակում արդեն ձերբակալվել է երկու սերբ, սակայն գործի մանրամասներն առայժմ չեն բացահայտվում։

1998–1999 թվականների Կոսովոյի պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 13 հազար մարդ, ևս շուրջ 4 հազարը համարվել է անհետ կորած։

Անցած տասնամյակների ընթացքում հաջողվել է հայտնաբերել հազարավոր զոհերի աճյուններ, սակայն մոտ 1,6 հազար մարդու ճակատագիր մինչ օրս մնում է անհայտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *