Կիրակի օրվանից Եվրամիությունում ուժի մեջ են մտել արհեստական բանականության օգտագործման թափանցիկության նոր պահանջները, հաղորդում է Euronews-ը։
Այժմ ընկերությունները պարտավոր են հստակ մակնշել ԱԲ-ի օգնությամբ ստեղծված կամ էականորեն փոփոխված բովանդակությունը, որպեսզի օգտատերերը կարողանան այն տարբերել մարդու կողմից ստեղծված նյութերից։
Նոր կանոնները արհեստական բանականության մասին եվրոպական օրենքի (AI Act) փուլային ուժի մեջ մտնելու մաս են կազմում։ Դրանք վերաբերում են ԱԲ համակարգեր մշակող և օգտագործող ընկերություններին, ներառյալ գեներատիվ մոդելները, չաթ-բոթերը և պատկերներ, տեսանյութեր, աուդիո ու տեքստեր ստեղծելու ծառայությունները։
Պահանջների համաձայն, օգտատերերը պետք է տեղեկացվեն, եթե փոխազդում են արհեստական բանականության համակարգի հետ, իսկ ԱԲ-ի օգնությամբ ստեղծված նյութերը պետք է ուղեկցվեն հատուկ մակնշմամբ։ Դրա համար կարող են օգտագործվել թվային ջրանշաններ, մետատվյալներ և այլ միջոցներ, որոնք թույլ են տալիս ճանաչել բովանդակության արհեստական ծագումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դիփֆեյքերին՝ իրատեսական պատկերներին, տեսանյութերին և աուդիոձայնագրություններին, որոնք ստեղծվել կամ փոփոխվել են արհեստական բանականության օգնությամբ։ Նման նյութերը նույնպես ենթակա են պարտադիր մակնշման։
Բացի այդ, մակնշման պետք է ենթարկվեն նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեքստերը, եթե դրանք ամբողջությամբ ստեղծվել են արհեստական բանականության կողմից և հրապարակվել են առանց խմբագրական ստուգման կամ մարդու մասնակցության։
Նոր պահանջները չեն տարածվում անձնական նպատակներով ԱԲ-ի օգտագործման վրա, ինչպես նաև նախատեսում են բացառություններ գեղարվեստական, ստեղծագործական, երգիծական և մտացածին գործերի համար։
Կանոնները չպահպանելու դեպքում ընկերություններին սպառնում են խոշոր տուգանքներ։ Միևնույն ժամանակ արդեն գործող արհեստական բանականության համակարգերին տրվել է անցումային շրջան՝ իրենց գործունեությունը նոր պահանջներին համապատասխանեցնելու համար՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 2-ը։
Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները նախապես սկսել են պատրաստվել նոր նորմերին։ Այսպես, Meta-ն արդեն օգտագործում է «AI Info» մակնշումը Facebook-ում և Instagram-ում համապատասխան հրապարակումների համար, TikTok-ը մի քանի տարի է պահանջում նշել ԱԲ-ի օգնությամբ ստեղծված պատկերները, տեսանյութերն ու աուդիոն, իսկ Google-ը, OpenAI-ը, Nvidia-ն և Apple-ը աշխատում են բովանդակության թվային մակնշման տեխնոլոգիաների վրա։
Եվրամիությունում ընդգծում են, որ նոր միջոցառումները միտված են ապատեղեկատվության դեմ պայքարին և օգտատերերի վստահությունը թվային բովանդակության նկատմամբ պահպանելուն՝ գեներատիվ արհեստական բանականության արագ տարածման ֆոնին։