Իտալիան Միջերկրական ծովում ստուգել է ռուսաստանյան «ստվերային նավատորմին» պատկանող տանկերը

Եվրոպական EUNAVFOR MED IRINI ռազմածովային առաքելության դրոշակակիր իտալական ITS Thaon di Revel նավը Միջերկրական ծովում ստուգում է անցկացրել Toa Payoh նավթատար տանկերի վրա, որը գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ՝ որպես, այսպես կոչված, ռուսաստանյան «ստվերային նավատորմին» պատկանող նավ։

Ինչպես հայտնել են Իտալիայի պաշտպանության նախարարությունից, գործողությունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ի առավոտյան։ Դրա նպատակն էր ստուգել նավի ազգային պատկանելությունը և Կամերունի դրոշի օգտագործման օրինականությունը, որի ներքո տանկերը կատարում էր իր ուղերթը։

Իտալական կողմի տվյալներով, Toa Payoh-ը հուլիսի 16-ին դուրս է եկել Բենինի Կոտոնու նավահանգստից և ուղևորվում էր դեպի Ստամբուլ։ Նավը կասեցվել է միջազգային ջրերում՝ Պանտելերիա կղզուց արևմուտք։

Իտալիայի ՊՆ-ից հայտնել են, որ տանկերի նավապետը սկզբում չի ցուցաբերել պահանջվող համագործակցությունը։ Դրանից հետո ուղղաթիռից նավի վրա իջեցվել է իտալական ստուգող խումբը, որը կատարել է անհրաժեշտ ստուգումները։

Գործողությունը տևել է մոտ երկու ժամ և ավարտվել է առանց միջադեպերի։ Դրան մասնակցել են նաև հունական ռազմական նավ և լեհական ծովային ավիացիայի պարեկային ինքնաթիռ։

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն շնորհակալություն է հայտնել զինծառայողներին պրոֆեսիոնալիզմի համար՝ ընդգծելով, որ գործողությունը դարձել է Միջերկրականում անվտանգության ապահովման և Եվրամիության ջանքերի իրականացման գործում Իտալիայի ներդրման հաստատումը։

Գերատեսչությունից նշել են, որ ստուգումն իրականացվել է միջազգային ջրերում՝ IRINI առաքելության մանդատի շրջանակում և ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիայի (UNCLOS) 110-րդ հոդվածին համապատասխան, որը որոշ պայմաններում ռազմական նավերին թույլ է տալիս ստուգել առևտրային նավերի ազգային պատկանելությունը։

Ստուգման ընթացքում հավաքված փաստաթղթերն ու տեղեկատվությունը ներկայումս վերլուծվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *