Ford Motor Company-ի ղեկավար Ջիմ Ֆարլին ընկերության աշխատակիցներին հայտնել է, որ չինական ավտոարտադրողները, հավանաբար, առաջիկա հինգ-տասը տարվա ընթացքում կմտնեն ամերիկյան շուկա՝ չնայած գործող առևտրային սահմանափակումներին, հայտնել է Jalopnik-ը։
Աշխատակիցների հետ հանդիպմանը ներկա աղբյուրների խոսքով՝ Ֆարլին ԱՄՆ-ում չինական բրենդների հայտնվելը գրեթե անխուսափելի է համարում։ Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, շուկա մուտքի ամենահավանական ժամկետը կլինի նշված ժամանակահատվածի վերջը։
Չինական էլեկտրական մեքենաներ արտադրողներն արդեն ամրապնդում են իրենց դիրքերը ԱՄՆ-ին հարակից երկրների շուկաներում, ներառյալ Մեքսիկան, փորձագետները Կանադան դիտարկում են որպես հնարավոր «փորձադաշտ»՝ մինչև ամերիկյան շուկա մուտք գործելը։
Միաժամանակ, ներկայում չինական էլեկտրական մեքենաների վաճառքը ԱՄՆ-ում խիստ սահմանափակված է. գործում է լրացուցիչ 100 տոկոս մաքսատուրք, ինչպես նաև արգելքներ՝ ավտոմեքենաներում չինական ծրագրային ապահովման և սարքավորումների օգտագործման վրա։
Աճող մրցակցության ֆոնին Ford-ը պատրաստում է ավելի մատչելի էլեկտրական մեքենաների սեփական շարքը, որոնք գնի և արդյունավետության առումով պետք է մրցեն չինական մոդելների հետ։