ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ, Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։
Ինչպես պնդում է հեռուստաալիքը, Թրամփի հայտարարությունը շփոթմունք է առաջացրել այն հարցի շուրջ, թե պաշտոնյաներից ովքեր ներկա կլինեն Իսլամաբադում կայանալիք բանակցություններին։
Գաղտնի ծառայությունը չի ցանկանում, որ Վենսն ու նախագահը միևնույն ժամանակ գտնվեն նույն վայրում։ Դա կապված է ոչ միայն շարունակվող պատերազմի և անվտանգության սպառնալիքների պայմաններում տարածաշրջան կատարվող այցերի, այլև երկրի ներսում տեղաշարժերի հետ, հայտնել են Գաղտնի ծառայության քաղաքականությանը ծանոթ աղբյուրները։ Եթե Թրամփն ի վերջո որոշի մեկնել Պակիստան՝ վերջնական գործարքի կնքման դեպքում, ամենայն հավանականությամբ, Վենսը կվերադառնա ԱՄՆ։
Հիշեցնենք, որ նախորդ բանակցություններն ավարտվել էին առանց հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի կնքման։