Ժամանակակից Թուրքիայի տարածքում 2500 տարվա հնության մարմարե արձան է հայտնաբերվել

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հայտնել է, որ Մանիսա նահանգի հին Սարդիս քաղաքում հայտնաբերվել է մոտ 2500 տարվա հնության և 2,2 մետր բարձրությամբ երիտասարդի մարմարե արձան, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Մշակութային ժառանգության և թանգարանների գլխավոր վարչության համակարգմամբ Մանիսա նահանգի Սալիհլի շրջանի տարածքում գտնվող հին Սարդիս քաղաքում իրականացվող հնագիտական պեղումների ընթացքում կանգնած երիտասարդի մոնումենտալ մարմարե արձան է հայտնաբերվել։

«Սա Սարդիսում կատարված եզակի բացահայտում է, որը լույս կսփռի Անատոլիայի հնագիտության վրա։ Մանիսայի հին Սարդիս քաղաքում իրականացվող պեղումների ընթացքում մենք հայտնաբերել ենք մոտ 2500 տարվա հնության երիտասարդ տղամարդու արձան, որը թվագրվում է մ.թ.ա. V դարի առաջին կեսով։ 2,2 մետր բարձրությամբ մարմարե արձանը՝ իր մոնումենտալ չափերի, լավ պահպանվածության և ուշագրավ մանրամասների շնորհիվ, այդ ժամանակաշրջանի քանդակագործական արվեստի հազվագյուտ նմուշներից է»,-նշել է Էրսոյը։

Նրա պատմելով՝ հռոմեական շրջանում արձանն օգտագործվել է որպես երկրորդային շինանյութ՝ սյունաշար փողոցի սալարկման ժամանակ։ Այն փաստի շնորհիվ, որ արձանը տեղադրվել էր դեմքով ներքև, ստեղծագործության հիմնական մանրամասները պահպանվել են դարերի ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *