Մեզ պետք չեն իշխանությունների խորհուրդները․ Արթուր Խաչատրյան

Մեզ պետք չեն իշխանությունների խորհուրդները այն մասին, թե ինչպես մեզ պահենք։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում օգոստոսի 4-ին հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանի անկախացումից ի վեր իր աչքի առաջ երեք անգամ անառիկ բերդ թվացող իշխանությունը փլուզվել է։ Մասնավորապես, մեկ գիշերվա ընթացքում բազմաթիվ կոմունիստներ դարձան Հայոց համազգային շարժման ներկայացուցիչներ, իսկ հետո մի քանի ժամվա ընթացքում նույն ՀՀՇ-ի ներկայացուցիչները դարձան «Երկրապահ» խմբակցության անդամներ։ «Հետո մենք տեսանք, թե ինչպես էր ձևավորվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. տարբեր կուսակցությունների անդամներ, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչներ, փախան «ՔՊ»։ Այնպես որ, թող իշխանություններն իրենց մասին մտածեն, այն մասին, որ անգաղափար մարդկանց հավաքածուն կարող է շատ արագ փլուզվել»,- ընդգծել է Խաչատրյանը։ Նրա գնահատմամբ՝ մեկ մարդու վրա հենված կուսակցությունը կարող է շատ արագ փլուզվել։

Խմբակցության քարտուղարը պարզաբանել է, որ «Հայաստան» դաշինքի հռետորաբանությունը միշտ եղել է կոնկրետ պահին կոնկրետ իրավիճակին համապատասխան։ «Բայց մենք անսխալական չենք և ամեն ինչից դասեր ենք քաղում՝ մեր քայլերը շտկելու համար»,- եզրափակել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *