Al-Monitor-ը մատնանշել է ԱՄՆ-Իրան հակամարտությունում Իսրայելի քաղած օգուտները

Իսրայելի ղեկավարությունը կարծում է, որ ներկայիս մակարդակում ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության շարունակումն ավելի ձեռնտու է իր սեփական շահերի համար, քան երկու կողմերի միջև համաձայնագրի կնքումը։ Այս մասին, հղում անելով իսրայելական դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է Al-Monitor պորտալը։

«Ներկայիս ստատուս քվոն՝ [լայնամասշտաբ] երկխոսության բացակայության պայմաններում պատերազմի բացակայությունը, Իսրայելի համար ավելի նախընտրելի է, քան Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիրը։ Իսրայելը համոզված է, որ [երկու կողմերի միջև] գործարքը չի երաշխավորում ո՛չ իրանական միջուկային ծրագրի կասեցումը, ո՛չ էլ բալիստիկ հրթիռների արտադրության ապամոնտաժումը»,- նշել է պորտալի զրուցակիցներից մեկը։

Իսրայելի իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ-ն այժմ առաջնահերթ կենտրոնացած է Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնման հարցի վրա։ Իսրայելի համար առավել կարևոր՝ իրանական միջուկային և հրթիռային ծրագրերի հարցերը Վաշինգտոնի կողմից մղվել են երկրորդ պլան։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել են պորտալի աղբյուրները, Իսրայելի իշխանությունները Վաշինգտոնի վրա ազդեցության էական լծակներ չունեն։ Ուստի ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում հրեական պետությունը հիմնականում մնում է պասիվ դիտորդի դերում՝ ի վիճակի չլինելով ճնշում գործադրել Սպիտակ տան վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններն ի հայտ կգան օգոստոսի 4-ին։ Նա նաև նշել էր, որ կողմերն արդեն շփման մեջ են, սակայն Թեհրանը դա հրապարակայնորեն չի ընդունում։ Մինչ այդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների կվարեն օգոստոսի 3-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *