Իսպանական Ալիկանտե քաղաքի լողափում հողային աշխատանքների ընթացքում հայտնաբերել են հռոմեական Վեներա աստվածուհու արձանի մարմարե գլուխը, որի տարիքը կազմում է շուրջ 2 հազար տարի։ Գտածոն թվագրվում է 1-ին և 2-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածով, հայտնում է El País թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ գտածոն հայտնաբերել են լողափի շուրջ շինարարական աշխատանքներ կատարող բանվորները։ Քարերի և շինարարական հողի մեջ նրանք նկատել են լավ պահպանված մարմարե գլուխ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, իսկ դեպքի վայր են հրավիրվել հնագետներ։ «Նրանք սխալ էին թույլ տվել՝ խրամուղու փորման մասին չտեղեկացնելով հնագիտական վերահսկող մարմնին, սակայն ժամանակին կանգնեցրել են աշխատանքներն ու հայտնել գտածոյի մասին։ Վեներան լավ վիճակում էր՝ վերին հատվածում երկու հեղույսի հազիվ նկատելի հետքերով, ինչպես նաև քթի ու ծնոտի հատվածում թեթև վնասվածքներով», — հայտնել է Ալիկանտեի մշակութային ժառանգության վարչության պետ Հոսե Մանուել Պերես Բուրգոսը։
Քանդակի քաշը 14 կգ է, բարձրությունը՝ 22,2 սմ, լայնությունը՝ 19,8 սմ։ Փորձագետների նախնական տվյալներով՝ հայտնաբերված գլուխը եղել է լիարժեք մեծության արձանի մաս, այլ ոչ թե առանձին կիսանդրի։ Այժմ քանդակը պահվում է Ալիկանտեի Ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ մասնագետներն անցկացնում են դրա մանրամասն ուսումնասիրությունն ու մաքրումը։ Իշխանությունները ծրագրում են մինչև տարեվերջ ցուցադրել բացառիկ գտածոն, ինչից հետո վերջնական որոշում կկայացվի դրա մշտական թանգարանային տեղակայման վերաբերյալ։