Սիրիան համաձայնել է էապես կրճատել ռուսական նավթի ներմուծումը՝ ԱՄՆ-ի հետ երկրի նկատմամբ գործող վերջին խոշոր պատժամիջոցային կարգավիճակի վերացման շուրջ բանակցությունների շրջանակում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով խորհրդակցությունների ընթացքին ծանոթ երեք աղբյուրների։
Ըստ այդ աղբուրների՝ վերջին ամիսներին սիրիական իշխանությունները Վաշինգտոնին հասկացրել են, որ պատրաստ են նվազեցնել ռուսական նավթի գնումները՝ Սիրիան ԱՄՆ-ի ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից հանելու հարցի քննարկումների ընթացքում, որում երկիրը ներառվել է է 1979 թվականից։
Միաժամանակ աղբյուրներն ընդգծել են, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ռուսական նավթի ներմուծման կրճատումը որպես այդ կարգավիճակի վերացման պարտադիր պայման չի առաջադրել։
Reuters-ի տվյալներով՝ ամերիկացի ներկայացուցիչները սիրիական կողմին հայտնել են, որ ռուսական նավթի գնումների դադարեցումը «կբարձրացնի հնարավորությունները» Սիրիան ցուցակից արագ և անխոչընդոտ հանելու համար։
Ի պատասխան՝ Դամասկոսը նշել է, որ պատժամիջոցային կարգավիճակի վերացումը երկրին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումները։ Այժմ Սիրիան շարունակում է զգալի չափով կախված մնալ ռուսական նավթից՝ այլընտրանքային աղբյուրների բացակայության պատճառով։
Reuters-ի գնահատմամբ՝ այս տարի ռուսական նավթի մատակարարումները Սիրիա աճել են մոտ 75%-ով՝ հասնելով օրական մոտ 60 հազար բարելի, ինչը Ռուսաստանին դարձրել է երկրի համար հումքի խոշորագույն մատակարարը։
Սիրիայի էներգետիկ ոլորտի աղբյուրներից մեկը գործակալությանը հայտնել է, որ Դամասկոսն արդեն նոր նավթի մատակարարներ է փնտրում և ներմուծման կառուցվածքում «արմատական փոփոխություններ» է ակնկալում։
ԱՄՆ Պետքարտուղարությունում հայտարարել են, որ Վաշինգտոնը Սիրիային կոչ է անում երկրի վերականգնման գործընթացում համագործակցել «հուսալի կորպորատիվ գործընկերների», առաջին հերթին՝ ամերիկյան ընկերությունների հետ, ինչպես նաև ակնկալում է, որ Սիրիան կպահպանի Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները։
Սպիտակ տանը, իր հերթին, հայտարարել են, որ Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից հնարավոր հանելու և ռուսական նավթի ներմուծման կրճատման միջև պաշտոնական կապ չկա։