Ֆրանսիական իշխանությունները կասկածում են, որ երկու առաջատար քաղաքական գործիչների մասին կեղծ հաղորդագրությունների տարածման հետևում կարող էր կանգնած լինել Ռուսաստանը․ այդ գործիչները դիտարկվում են որպես 2027 թվականի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուներ, հայտնում է AFP-ն՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրին։
Աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական մարմինները հայտնաբերել են ապատեղեկատվական արշավ՝ ուղղված Եվրոպական խորհրդարանի ձախ պատգամավոր Ռաֆայել Գլյուքսմաննի դեմ, որը հայտնի է որպես Կրեմլի քննադատ և դիտարկվում է որպես երկրի նախագահի պաշտոնի հավանական հավակնորդ։ Ինչպես պնդվում է, այդ գործողությունը կապվել է Storm-1516 քարոզչական ցանցի հետ, որը նախկինում կապվել էր ռուսական հատուկ ծառայությունների հետ։
Ինքը՝ Գլյուքսմանը, հայտարարել է, որ ռուսական կառույցները «սկսել են 2027 թվականի ընտրարշավը ապակայունացնելու գործողություններ»։ Նրա խոսքով՝ ստեղծվել է կեղծ պատմություն իր թեկնածությանը աջակցելու իբր գոյություն ունեցող ծրագրի մասին։ Այն տարածելու համար օգտագործվել են կեղծ փաստաթղթեր, արհեստական բանականությամբ գեներացված ձայներ և ամբողջությամբ շինծու տեսանյութ։
Ըստ քաղաքական գործչի՝ արշավի նպատակը եղել է «ամբողջական սուտ» տարածելը, որպեսզի վարկաբեկվեն նրանք, ում ռուսական իշխանությունները համարում են իրենց հակառակորդները։
Ավելի վաղ Storm-1516 ցանցը կասկածվում էր նաև Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպի առողջական վիճակի մասին կեղծ տեղեկություն տարածելու մեջ․ նրան համարում են ընտրություններում ծայրահեղ աջերի ամենահզոր հավանական մրցակիցներից մեկը։
Բացի դրանից, ֆրանսիական իշխանությունների տվյալներով, նույն այս ցանցը կարող էր կապված լինել նաև նախագահ Էմանուել Մակրոնի՝ դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի հետ իբր գոյություն ունեցող կապի մասին կեղծ պնդումներ տարածելու արշավի հետ։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2027 թվականին։ Աջ ուժերից գլխավոր հավակնորդներից մեկը համարվում է Մարին Լը Պենը, որը մտադիր է չորրորդ անգամ մասնակցել ընտրություններին՝ չնայած խարդախության գործով մեղադրական դատավճռին։