Հարավային Ամերիկայի ավելի քան 100 լիճ կարող է դառնալ կլիմայի ուսումնասիրման ամենախոշոր բնական լաբորատորիան

Բրազիլիայի հարավի և Ուրուգվայի Ատլանտյան ափի երկայնքով ավելի քան 1 հազար կմ ձգվող ավելի քան 100 ծանծաղ լճեր կարող են դառնալ աշխարհի կարևորագույն բնական լաբորատորիաներից մեկը՝ կլիմայի փոփոխության և մարդու գործունեության ազդեցությունը քաղցրահամ էկոհամակարգերի վրա ուսումնասիրելու համար։

Այս եզրակացությանն է եկել գիտնականների միջազգային խումբը, որը One Ecosystem ամսագրում հրապարակել է այս լճային համակարգի առաջին համապարփակ հետազոտությունը։ Հեղինակների խոսքով՝ մերձարևադարձային ջրամբարները մինչ այժմ մնում էին անբավարար ուսումնասիրված՝ չնայած դրանց հսկայական չափերին և էկոլոգիական բազմազանությանը։

Հետազոտողները նշում են, որ քաղցրահամ լճերի մասին ժամանակակից գիտելիքների մեծ մասը ստացվել է Հյուսիսային կիսագնդի օբյեկտների հիման վրա։ Հարավամերիկյան լճերը հնարավորություն են տալիս ստուգել գոյություն ունեցող էկոլոգիական տեսությունները բոլորովին այլ բնական պայմաններում և ավելի լավ հասկանալ, թե ինչպես են մերձարևադարձային էկոհամակարգերը արձագանքում կլիմայի փոփոխությանը և ուժեղացող մարդածին ազդեցությանը։

Լճային համակարգն արդեն բախվում է բնապահպանական խնդիրների մի ամբողջ համալիրի։ Դրա վրա ազդում են Էլ Նինյոյի հետ կապված կլիմայական տատանումները, սրընթաց ուրբանիզացիան, գյուղատնտեսական և կեղտաջրերով աղտոտումը, էվտրոֆիկացիան, միկրոպլաստիկի և դեղագործական աղտոտիչների տարածումը, ինչպես նաև հաճախացած ծայրահեղ հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները։

Գիտնականները կարծում են, որ այս լճերը կարող են կատարել էկոլոգիական փոփոխությունների մասին յուրատեսակ վաղ նախազգուշացման համակարգի դեր։ Դրա համար նախատեսվում է օգտագործել մանրէաբանական համայնքների, էկոլոգիական ԴՆԹ-ի վերլուծություն, հեռահար զոնդավորում, ջրի քիմիական կազմի ուսումնասիրություն և երկարաժամկետ էկոլոգիական մոնիթորինգ։ Սա թույլ կտա բացահայտել էկոհամակարգերի դեգրադացիայի նշանները դեռևս մինչև այն պահը, երբ փոփոխությունները կդառնան անշրջելի։

Հետազոտության հեղինակներն առաջարկում են ստեղծել լճերի երկարաժամկետ դիտարկման միջազգային ցանց։ Նրանց կարծիքով՝ նման հետազոտությունների արդյունքները կօգնեն ոչ միայն ավելի լավ հասկանալ Հարավային Ամերիկայում տեղի ունեցող գործընթացները, այլև մշակել կենսաբազմազանության պահպանման, ջրային ռեսուրսների կառավարման և քաղցրահամ էկոհամակարգերը կլիմայի փոփոխությանը հարմարեցնելու գլոբալ մոտեցումներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *