
Գրել էինք, որ երեկ՝ օգոստոսի 4-ին, Երևանի «Հանրապետական» ստադիոնում ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» ընդունել էր սլովենական «Ցելյե» ակումբին:
Հայկական ակումբը առավելության էր հասել 2-1 հաշվով:
Հանդիպման ընթացքում առաջինը հաջողության էին հասել հյուրերը. 21-րդ րոպեին Սվիտ Սեսլարը դիպուկ էր իրացրել 11-մետրանոց հարվածը։ Սակայն մինչև ընդմիջում «Արարատ-Արմենիան» վերականգնել էր հավասարակշռությունը. Արթուր Սերոբյանը գեղեցիկ տուգանային հարվածով գրավել էր մրցակցի դարպասը։
Կառլոս Ֆրանսան էլ խփել էր հաղթական գոլը:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կանցկացվի մեկ շաբաթ անց Սլովենիայում։ Դիմակայության հաղթողը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում կպայքարի խմբային փուլ դուրս գալու համար՝ մրցելով «Մյալբյու» – «Սլովան Բրատիսլավա» զույգի հաղթողի դեմ։
Նշենք, որ մինչ այս պահը հայկական որևէ ակումբի չի հաջողվել հասնել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ, ուստի այս առումով ռեալ շանս է ստեղծվել «Արարատ Արմենիայի» համար վերջապես հասնելու պատմական նվաճման:
Նշենք նաև, որ «Արարատ- Արմենիան» արդեն իսկ ապահովել է իր տեղը Կոնֆերենցիաների լիգայում: Եթե հայկական ակումբը ցավալիորեն չշարունակի պայքարը ՉԼ-ում, ապա Կոնֆերենցիաների լիգայումը տեղը երաշխավորված է:
Ֆուտբոլով ոչ այդքան հետաքրքրվածների համար նշենք՝ իսկ ի՞նչ է նշանակում հայտնվել Չեմպիոնների լիգայի հիմնական՝ խմբային փուլում: Երևան կարող են այցելել համաշխարհային այնպիսի ակումբներ, ինչպիսին են «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Բավարիան», ՊՍԺ-ն, «Ինտերը» ու այլ հեղինակավոր ակումբներ: