Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինան հայտարարել է, որ իր «Ավամի Լիգա» կուսակցության գործունեության արգելքը պետք է չեղարկվի, և կրկին ընդգծել է, որ մտադիր է վերադառնալ հայրենիք, հայտնում է Reuters գործակալությունը:
Հասինայի հայտարարությունը հնչել է չորեքշաբթի Նյու Դելիում Հարավային Ասիայի արտասահմանյան թղթակիցների ակումբի կազմակերպած լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Միջոցառումն անցկացվել է 2024 թվականին նրա՝ իշխանությունից հեռացվելու տարելիցի օրը։
Ակնկալվում էր, որ նախկին վարչապետը հանդես կգա տեսակապով, սակայն նա միայն աուդիոհաղորդագրություն է փոխանցել։ Պատճառը, թե ինչու Հասինան չի հայտնվել տեսանյութում, առայժմ չի հաղորդվում։ Նրանից առաջ միջոցառմանը ելույթ են ունեցել նրա կուսակցության ներկայացուցիչները և նրա որդին։
Դա Հասինայի առաջին հրապարակային շփումն է՝ լրագրողների հետ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո։
Անցյալ տարվա նոյեմբերին Դաքքայի դատարանը Հասինային մեղավոր էր ճանաչել սադրանքների, սպանությունների հրամաններ տալու և հանցագործությունները կանխելու հարցում անգործության մեջ՝ դատապարտելով նրան մահապատժի՝ կախաղանի միջոցով։
Նրա նախկին իշխող «Ավամի լիգա» կուսակցության գործունեությունը, որը նախկինում երկրում ամենահայտնիներից մեկն էր, արգելվել էր:
Հնդկաստանի և Բանգլադեշի միջև հարաբերությունները բարելավվել են 170 միլիոն բնակչություն ունեցող հարավասիական երկրում փետրվարին անցկացված ընտրություններում Թարիք Ռահմանի հաղթանակից հետո։
Սակայն լարվածությունը պահպանվում է. Բանգլադեշը շարունակում է պահանջել Հասինայի արտահանձնումը: