Թուրքիան զինաթափումից հետո PKK-ի անդամների համար «հետևանքների մեղմացման» մասին օրինագիծ է պատրաստել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» գործընթացի իրականացման մասին օրինագիծ, որը նախատեսում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների նկատմամբ քննությունների, դատավարությունների և պատիժների կատարման հետաձգում՝ այն պայմանով, որ կազմակերպությունը կդադարեցնի իր գոյությունը և կհանձնի զենքը, հայտնում է Anadolu-ն։

Ըստ փաստաթղթի՝ PKK-ի գործունեության դադարեցումն ուժային կառույցների կողմից հաստատվելուց և Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում Ազգային անվտանգության խորհրդի համապատասխան որոշման հրապարակումից հետո մի շարք հանցագործությունների վերաբերյալ քննություններն ու դատավարությունները հնարավոր է հետաձգվեն 5 կամ 10 տարով՝ կախված մեղադրանքների ծանրությունից։

Բացառություն կկազմեն, մասնավորապես, կազմակերպության գործունեության շրջանակում կատարված դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև որոշ հանցագործություններ, որոնց համար նախատեսված է ցմահ ազատազրկում։

Օրինագիծը միաժամանակ նախատեսում է արդեն ընդունված դատավճիռների կատարման հետաձգման հնարավորություն՝ 5 տարով՝ մինչև 15 տարվա ժամկետով դատապարտվածների համար, և 10 տարով՝ ավելի երկար ժամկետներ կամ ցմահ ազատազրկում ստացածների համար (բացառությամբ մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների)։

Եթե հետաձգման ընթացքում անձը կրկին ահաբեկչական հանցագործություն կատարի , ապա հետաձգման մասին որոշումները կչեղարկվեն, իսկ գործի վարույթը կամ պատժի կատարումը կվերսկսվեն։ Եթե այդ ժամկետն անցնի առանց նոր հանցագործությունների, գործը կարող է կարճվել, իսկ պատիժը կհամարվի կատարված։

Գործընթացի վերահսկողությունը կիրականացնի հատուկ համակարգող մարմին՝ Թուրքիայի փոխնախագահի գլխավորությամբ, որի կազմում կընդգրկվեն արդարադատության, արտաքին գործերի, ներքին գործերի, պաշտպանության նախարարները, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Օրինագիծը նաև նախատեսում է PKK-ի զենքի, զինամթերքի և այլ գույքի հանձնման գործընթացի գրանցում և վերահսկողություն։

Փաստաթղթին կից պարզաբանման մեջ իշխանությունները ընդգծել են, որ նախաձեռնությունը համաներում չէ․ այն չի չեղարկում դատավճիռները, չի փոխում հանցագործությունների իրավական որակավորումը և չի դադարեցնում քրեական պատասխանատվությունը, այլ «սահմանափակ և պայմանական» իրավական միջոց է՝ կապված զինված կազմակերպության գործունեության դադարեցման գործընթացի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *