«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում


Մշակույթ


Երևանի ամենահին գործող կինոթատրոններից մեկը՝ «Նաիրին», վերանորոգել է իր գլխավոր մուտքը։ Այս առիթով օգոստոսի 7-ին, ժամը 19:30-ին, կինոթատրոնում տեղի կունենա տոնական բացման արարողություն։ Միջոցառումը կսկսվի կարմիր գորգով և հանդիսավոր ընդունելությամբ, որին կմասնակցեն պետական կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ, դերասաններ, ռեժիսորներ, լրագրողներ և հանրային հայտնի դեմքեր։

Երեկոյի ընթացքում ներկաները կտեսնեն բացառիկ նկարներ «Նաիրիի» արխիվից, որոնք պատմում են կինոթատրոնի հարուստ անցյալի և մշակութային մեծ դերի մասին։ Իսկ արարողության խորհրդանշական ավարտը կլինի «Երկիր Նաիրի» ֆիլմի հատուկ ցուցադրությունը։ Ֆիլմի ընտրությունը պատահական չէ. այն գաղափարապես կապում է կինոթատրոնի անվանումը, մեր ազգային հիշողությունն ու «Նաիրիի» նոր մեկնարկը՝ ստեղծելով անցյալի ու ապագայի կապը։

Այս միջոցառման նպատակն է ոչ միայն ցույց տալ թարմացված մուտքը, այլև ևս մեկ անգամ ընդգծել «Նաիրիի» կարևորությունը՝ որպես մշակութային կյանքի և հանրային հանդիպումների սիրված հարթակ։ Կինոթատրոնը շարունակում է իր աշխատանքը՝ հանդիսատեսին առաջարկելով որակյալ ֆիլմեր, ժամանակակից տեխնիկական լուծումներ և նոր նախագծեր՝ միաժամանակ պահպանելով իր պատմական ու մշակութային ժառանգությունը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *