
Հայաստանի խաղային ոլորտի կարգավորման գործառույթը կիրականացնի Մալթայում գրանցված Random Systems International Limited ընկերությունը։ Կազմակերպությունը գործունեություն է իրականացնում նաև Վրաստանում։
Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության օգոստոսի 6-ի նիստում։
Նախագիծը ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ դեռևս 2024 թվականին «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսվել էին մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերահսկողության նոր մեխանիզմների ներդրում։
Հակոբյանի ներկայացմամբ՝ օրենքի ընդունումից հետո կազմակերպվել է համապատասխան մրցույթ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք արտասահմանյան ընկերություններ։
Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել Random Systems International Limited ընկերությունը, որն ունի ոլորտում անհրաժեշտ փորձ և նմանատիպ գործունեություն է իրականացնում նաև հարևան Վրաստանում՝ որպես խաղային ոլորտի կարգավորման օպերատոր։
ՊԵԿ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ընկերության հետ համագործակցության նպատակն է ներդնել ժամանակակից թվային համակարգեր և ստեղծել արդյունավետ վերահսկողական գործիքներ։
Նրա խոսքով՝ մրցույթի հաղթող կազմակերպությունը պարտավորվել է Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում ամբողջությամբ ներդնել խաղային ոլորտի էլեկտրոնային կառավարման համակարգը։