Մինչև 2030թ․ Հայաստանը նախատեսում է զարգացնել թափոնների վերամշակումը և նվազեցնել սննդային թափոնները

Մինչև 2030թ․ Հայաստանը նախատեսում է զարգացնել թափոնների վերամշակումը և նվազեցնել սննդային թափոնները

Մինչև 2030թ․ Հայաստանում նախատեսվում է ավելացնել վերամշակվող թափոնների քանակը, ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը (EPR), ինչպես նաև նվազեցնել սննդի թափոններն ու սննդի գերսպառումը։

Այս նպատակներն ամրագրված են ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N100-Լ հրամանով։

Կենսաբազմազանության պահպանության գործողությունների ծրագրի 19-րդ թիրախը վերաբերում է թափոնների վերամշակման մակարդակի բարելավմանը և կայուն սպառման ընտրության հնարավորությունների խթանմանը։

Այս ուղղությամբ նախատեսվող հիմնական քայլերից մեկը արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի (EPR) իրավական հիմքերի ամրագրումն ու համակարգի գործարկումն է մինչև 2030թ․։

Թիրախի շրջանակում նախատեսվում է նաև կատարել օրենսդրական փոփոխություններ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և պոլիէթիլենային տոպրակների ու պարկերի արտադրությունն ու վաճառքն արգելելու նպատակով։

Բացի այդ, նախատեսվում է մշակել պեստիցիդների և դրանց տարաների օգտահանման ու վերամշակման կարգավորմանն ուղղված իրավական ակտեր, ինչպես նաև բարելավել «Թափոնների մասին» օրենքը։

Թափոնների կառավարմանն է առնչվում նաև գործողությունների ծրագրի 20-րդ թիրախը։ Մինչև 2030թ․ նախատեսվում է նվազեցնել սննդի թափոններն ու սննդի գերսպառումը՝ նպատակային կրթական նախաձեռնությունների և իրազեկման արշավների միջոցով։

Այս նպատակով նախատեսվում է մինչև 2030թ․ իրականացնել կրթական միջոցառումներ՝ առնվազն 10 հազար աշակերտների և 3 հազար ուսանողների շրջանում՝ սննդի գերսպառման և սննդային թափոնների նվազեցման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով։

Բացի այդ, նախատեսվում է իրականացնել իրազեկման պիլոտային արշավ հանրային սննդի առնվազն 30 օբյեկտներում՝ այցելուների շրջանում սննդի գերսպառման խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով։

Օգոստոս 06, 2026 at 12:27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *