2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 209 քրեական վարույթ, որոնք վերաբերում են ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև դրանց համակցությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերին: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Նշված քրեական վարույթներից 90-ով ձերբակալվել է 282 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 296 անձի նկատմամբ: 6 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մեղադրյալներից 126-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝ 58 կալանք և 68 տնային կալանք, իսկ 162-ի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:
90 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 350-ից ավելի անձ:
65 վարույթով նախաքննությունը 207 անձի վերաբերյալ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասվում է հաղորդագրությունում: