Դեռևս արբիտրաժի որոշումը չկա, երկրորդը, առաջին ատյանի վարչական դատարանը մեր հայցը մասնակի էր բավարարել. 7 կետից 4.5–ը բավարարել էր, հիմա վերաքննիչում է գտնվում, և հարց է ծագում, թե ինչ են անելու, եթե այդ դատարանները հօգուտ «Տաշիր կապիտալի» որոշում կայացնի։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «ՀԷՑ»–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ ՀԷՑ–ը տրվելու է մասնավորին կառավարման։
«Մենք վատ փորձ ունենք կապված հավատարմագրային կառավարման տալու հետ։ Օրինակ, «Վեոլիա ջուրը» տրված է հավատարմագրային կառավարման և անգամ կառավարությունն ընդունում է, որ խնդիրները ներդրում չանելուց է, իսկ ներդրում պետք է անի պետությունը։ Նախ պետք է պարզել, թե այդ կազմակերպությունը ինչքանո՞վ է վերցնելու և տարեկան մինչև 40-50 մլրդ ներդրումային ծրագիրն ով է իրականացնելու։ Ենթադրում եմ, որ այդ ընկերությունը չի իրականացնի, որովհետեւ իր սեփականը չի, պետք է ի վերջո, շահույթ ունենա, պետությունն էլ չունի դա իրականացնելու հնարավորությունը։
Թղթով գերակա շահ են ճանաչում, պետականացնում են։ Խլում եք, որովհետեւ ԱԺ–ն ձերն է, էս ձերն ա, էն ձերն ա, բայց հիմա հարց իրենց. Արդյոք կա՞ միջազգային այն ընկերությունը, որը կհամաձայնի վեճի այս փուլում դա ձեռք բերել կամ վերցնել կառավարման։ Միակ տարբերակը կամ մեր երկու ոչ բարեկամ պետություններից՝ Թուրքիայից ու Ադրբեջանից, կամ այլ պետությունում գրանցված, բայց այդ երկու պետությունների կողմից ֆինանսավորվող կազմակերպություն կարող է լինել»,–ասաց նա։
Ղազինյանը նշեց, որ իրենք կարծում են, որ ՀԷՑ–ի գնահատումը ճիշտ կլինի տրվի միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպության. «Հայաստանում չկա էդ մասշտաբի ընկերություն գնահատող կազմակերպություն։ Եթե պետք է գտնեն մեկին և ճնշելով իրենց ուզած թիվը ստանան, դա շատ հանգիստ կարող են անել»։